Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Պատահեց մի բան, որը ինձ նոր մտորումների առիթ տվեց։ Արդյո՞ք նման դեպքերն իսկապես անսանձ պատահարի խաղն են միայն։ Ես համարձակվել էի տախտակամած դուրս գալ և սուսուփուս պառկել էի մակույկներից մեկի հատակին թափված հին առագաստների ու ճոպանների խուրձերի արանքում։ Ճակատագրիս բացառիկության մասին խորհելով, ես ձյութոտ վրձինը մեքենայաբար քսում էի կոկիկ փաթաթված մանրառագաստի եզրին։ Հիմա այդ առագաստը կայմի վրա է,– և իմ վրձնի պատահական հարվածները կազմել են ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ բառը։

Ես բազում առիթներով ուսումնասիրել եմ այս նավի կառուցվածքը։ Չնայած այն լավ սապառազինված է, բայց, իմ կարծիքով, ռազմանավ չէ։ Նրա ձևը, թոկասարքը, ընդհանուր հանդերձանքը՝ ամեն ինչ բացառում է նման հնարավորությունը։ Ես պարզ տեսնում եմ, թե ինչ չէ այս նավը, բայց թե ինչ է՝ անհնար է ասել։ Չգիտեմ ինչու, բայց ամեն անգամ, երբ ես զննում եմ նավի տարօրինակ կառուցվածքը, նրա անսովոր կայմերը, ահռելի չափսերը, առագաստների բորբոսնած կտավը և հնազարդ խելը, մտքովս միշտ ինչ-որ ծանոթ բան է անցնում, կապված օտարերկրյա հին քրոնիկոնների ու վաղեմի ժամանակների հետ։

* * *

Քիչ առաջ ուսումնասիրում էի նավի ողնակողերը։ Ես չգիտեմ, թե ինչ նյութից են նրանք սարքված։ Ինձ ապշեցնում է այդ փայտի մի հատկությունը, որն այն բոլորովին անպիտան է դարձնում նման կիրառման համար։ Ես նկատի ունեմ այդ փայտանյութի արտակարգ ծակոտկենությունը, չհաշված այն քայքայվածությունը, որի պատճառը ժամանակն է, և որդերի կրծած այն անցքերը, որոնք այս ծովերում նավարկելու հետևանք են։ Թերևս թվա, որ ես շատ եմ մանրանում, բայց այդպիսի տեսք կունենար իսպանական կաղնին, եթե որևէ անբնական ձևով հնարավոր լիներ այն ուռեցնել։ Նախորդ նախադասությունը կարդալիս հիշեցի դանիացի մի ծեր, փորձված ծովագնացի խոսքը. «Ասածս նույնքան ճիշտ