Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Այ ես քո էսենց-էնենցը։ Ո՞նց թե, հո՞րդ,— ասաց Տարաս Բուլբան, զարմանքից մի քանի քայլ ետ քաշվելով։

«Այո՛, հենց թեկուզ հորս։ Որ ինձ նեղացնեն, էլ ոչ մեկի խաթրը չեմ պահի»։

«Է՜յ, ո՞նց ես ուզում ինձ հետ կռվել, բռունցքներով, հա՞»։

«Ոնց ուզում ես»։

«Դե արի բռունցքներով․․․— թևերը քշտելով ասաց Բուլբան։— Տեսնենք բռնցքակռվի մեջ ինչ մարդ ես»։

Եվ հայր ու որդի, երկարատև բացակայումից հետո, փոխանակ իրար ողջունելու, սկսեցին բռունցքներով իրար խփել՝ կողքին, մեջքին, կրծքին, երբեմն նահանջելով ու դիտելով, երբեմն նորից հարձակվելով։

«Աստված սիրեք, մի սրանց տեսեք։ Ալևորը ցնդել է, բոլորովին կորցրել է խելքը,— ասաց նրանց գունատ, նիհար և բարի մայրը, որ կանգնել էր դռան շեմքին և դեռ չէր կարողացել գրկել իր աննման զավակներին։— Երեխաները եկել են տուն, տարուց ավելի է նրանց չենք տեսել, իսկ ալևորի խելքին ով գիտե ինչ է փչել, և բռնցքակռիվ է անում»։

«Հա՜, շատ երևելի է կռվում,— ասաց Բուլբան դադարելով։— Աստված վկա, շատ երևելի,— շարունակեց նա, մի քիչ շտկելով իրեն։— Այնպես որ լավ է իսկի համը չառնես։ Ընտիր կոզակ է լինելու։ Դե, բարով ես եկել, որդի, հիմա արի պռոշտի անենք։— Եվ հայր ու որդի իրար համբուրեցին։— Բարով, շատ բարով, որդիս․․․ Այ, այդպես թակի՛ր, ոնց որ ինձ քոթակեցիր։ Ոչ մեկին ձեռիցդ բաց չթողնես․․․ Համա հագիդ շորերը էլի ծիծաղելի են։ Այդ ի՞նչ պարան է վրայիցդ կախ։ Իսկ դու, դմբո՛, ի՞նչ ես ձեռքերդ կախ կանգնել,— ասաց նա, դառնալով կրտսեր որդուն։— Ի՞նչ է, շան զավակ, դո՞ւ ինձ ինչու չես թակում»․․․

«Տես ինչ փչեց խելքին,— ասաց մայրը, որ այդ միջոցին գրկել էր կրտսեր որդուն։— Որտեղից էլ մտքովն անցավ այդպիսի բան, որ հարազատ տղան հորը ծեծի։ Ասես հիմա հենց դրա ժամանակն է, մատղաշ երեխան (այդ երեխան քսան տարեկանից ավելի էր և ուղիղ մի սաժեն հասակ ուներ) այդքան ճանապարհ է կտրել, բեզարել է։ Նրան հիմա հանգստանալ է պետք, մի բան ուտել, իսկ նա ստիպում է կռվել»։