Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշ պան. հեթման, նրանք կքերթեն քո գլխի կաշին, կլցնեն արինջի թեփով և երկար ժամանակ ման կածեն տոնավաճառներում։ Դուք էլ չեք փրկի ձեր գլուխները, պանե՛ր, կոչնչանաք խոնավ զնդաններում, կթաղեն ձեզ քարե պատերի մեջ, եթե ձեզ ոչխարների նման ողջ-ողջ չխաշեն կաթսաներում»։

«Իսկ դո՞ւք, տղերք,- շարունակեց նա, դառնալով յուրայիններին.-ձեզնից ո՞վ է ուզում մեռնել իր մահով, մեռնել ոչ թե օջախի մոտ և կամ կնկա տեղաշորում և ոչ էլ գինետան առաջ հարբած մեռնել, ինչպես վայել է զզվելի արարածին, այլ մեռնել կոզակի ազնիվ մահով, բոլորս մի մահճում, ինչպես հարսը փեսայի հետ։ Կամ գուցե դուք ուզում եք տուն վերադառնալ և դառնալ կաթոլիկ անհավատներ և երբ շալակների վրա ման ածել լեհացի տերտերների՞ն»։

«Քեզ հե՛տ, պան զորավար, կգանք քեզ հետ,- բղավեցին բոլորը, որոնք Տարասի զորագնդում էին, և նրանց միացած նաև ուրիշ գնդերից շատերը։

«Ինձ հետ, ուրեմն ինձ հետ»,- ասաց Տարասը, գդակը խոր կախեց գլուխը, բոլոր մնացողներին ահեղ նայեց, հեծավ իր նժույգը և կանչեց յուրայիններին։ «Թող ոչ ոք չնախատի մեզ ծանր խոսքով։ Դե, հա՛յդե, տղերք, հյուր գնանք կաթոլիկներին»։ Եվ մտրակեց ձին, ու նրա հետևից ձգվեց հարյուր սայլ ու սայլերի հետ բազմաթիվ ձիավոր և հետևակ կոզակներ, և ետ նայելով բոլոր մնացողներին խարազանեց իր հայացքով, և զայրացկոտ էր նրա հայացքը։ Ոչ ոք չհանդգնեց ետ պահել նրանց։ Զորագունդը հեռանում էր ամբողջ զորքի աչքերի առաջ, և դեռ երկար ժամանակ Տարասը ետ էր նայում և սպառնում:

Այլայլված կանգնել էին հեթմանը և զորապետները, բոլորը խոր մտածմունքի մեջ էին և լուռ էին երկար ժամանակ, կարծես նրանց ճնշում էր մի ինչ-որ ծանր գույժ։ Իզուր չէր գուշակել Տարասը։ Եվ եղավ այն բոլորը, ինչ որ նա գուշակել էր։ Ուխտադրուժ վարմունքից մի քանի ժամանակ անց, Կանեի մոտ հեթմանի գլուխը բարձրացրին ցցի վրա, ուրիշ ականավոր շատ ավագների գլուխների հետ։

Իսկ ո՞ւր Էր Տարասը։ Իր զորագնդի հետ Տարասն ասպատակում էր ողջ Լեհաստանում. նա հրդեհեց տասնութ ավան,