Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ակամա նայում էր իր առաջ փռված ողջ տեսարանին։ Երկնքում նուրբ ու սուր փայլով շողշողում էին անհամար աստղերը: Ամբողջ դաշտի վրա, մինչև հեռու-հեռուներ, երևում էին սայլերը և սայլերից կախված կուպրի ամանները, սայլերի վրա թշնամուց խլած ամեն տեսակ բարիք ու նպարակ։ Սայլերի մոտ, սայլերի տակ և սայլերից հեռու ամեն տեղ երևում էին խոտի վրա փռված զապորոժցիները, որոնք քնել էին, յուրաքանչյուրը ներկայացնելով մի պատկեր. մեկը գլխի տակ դրել էր տոպրակը, մյուսը՝ գլխարկը, երրորդը գլուխը դրել էր իր ընկերոջ կողքի վրա։ Յուրաքանչյուր կոզակից անբաժան էին թուրը, հրացանը, կարճ կոթով ծխամորճն ու նրա պղնձե վահանակները, երկաթե փորիչներն ու հրահանը։ Հաղթամարմին եզները պառկել էին, ծալելով ոտքերը, և նրանց սպիտակավուն մեծ խմբերը հեռվից նման էին գորշ քարերի, որ փռված էին դաշտի զառիվայրի վրա։ Ամեն կողմից արդեն բարձրանում էր խոտերի մեջ քնած ամբողջ զորքի թանձր խռմփոցը, որին դաշտից զրնգուն վրնջոցով արձագանքում էին ձիերը, որոնք զայրացել էին բխոված ոտքերի համար։ Այնինչ հուլիսյան գիշերի գեղեցկությանը խառնվել էր ահեղ ու հոյակապ մի տեսարան ևս։ Դա հեռվում հրդեհվող շրջակայքի հրացոլքն էր։ Մի տեղ բոցը հանդարտ ու փառահեղ փռվել էր երկնքով, մի այլ տեղ՝ կրակը, հանկարծ հանդիպելով մի դյուրավառ նյութի, մրրկի նման սլացել ու սուրում էր, թռչում դեպի վեր, մինչև աստղերը, և նրա բզկտված ծվենները հանգչում էին ամենահեռու երկնքում։ Մի այլ տեղ հրդեհված սև վանքն ահեղ կանգնել էր, ինչպես կարտեզյան դժնադեմ աբեղա, և կրակի յուրաքանչյուր ցոլքին ցույց էր տալիս իր մռայլ վեհությունը։ Դեռ վառվում էր վանքի պարտեզը, և կարծես լսելի էր, թե ինչպես վշշում էին ծառերը, ծխի մեջ փաթաթվելով, և երբ դուրս էր թռչում կրակը, նա կարմրակապույտ և հրե գույնի ֆոսֆորյա շողերով լուսավորում էր հասած սալորները, և կամ թե այս ու այնտեղ երևացող դեղնած տանձերը դարձնում էր կարմիր ոսկի և կրակի լույսով, հենց նույն տեղը՝ ծառերի արանքում սևին էր տալիս շենքի պատից կամ ծառի ճյուղից կախած թշվառ ջհուդի մարմինը կամ թե որևէ վանականի մարմին, որ շենքի հետ միասին խորտակվել էր բոցերի մեջ։ Հեռվում հրդեհի