Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրական ագարակները և ո՛չ աստծո տաճարները։ Ուկրաինան չի՛ տեսնի իրեն պաշտպանող իր զավակներից քաջագույնին։ Ծերունի Տարասն իր ցցունքից կպոկի սպիտակ մազերի մի փունջ և կնզովի այն օրն ու ժամը, երբ ծնվեց այդպիսի որդի՝ որպես նախատինք իրեն։

VII

Զապորոժցիների բանակում աղմուկ և իրարանցում էր։ Սկզբում ոչ ոք չէր կարող ստույգ ասել, թե ինչպես պատահեց, որ զորքը մտավ քաղաք։ Հետո միայն պարզվեց, որ Պերեյասլավյան ողջ կուրենը, որը բանակ էր զարկել քաղաքի դարբասների առաջ, թունդ հարբել էր. ուրեմն և զարմանալի չէր, որ բանակի կեսը սրախողխող արին, իսկ մյուս կեսը կապոտեցին ավելի արագ, քան բոլորը կիմանային, թե ինչ է պատահել։ Մինչև աղմուկի վրա զարթնած մոտակա կուրենները կարողացան զենքեր առնել, զորքն արդեն մտնում էր դարբասներով, և թշնամու զորքի հետին շարքերը կրակում էին իրենց վրա խառնիխուռն արշավող, քնաթաթախ և կիսազգաստ զապորոժցիների կողմը։

Կոշևոյը հրաման արձակեց հավաքելու բոլորին, և երբ բոլորը շրջան կազմեցին ու գլխարկները հանելով լռեցին, նա ասաց.

«Ահա թե ինչ, պան եղբայրներ, ահա թե ինչ պատահեց այս գիշեր, ահա թե ինչ արեց գինին, մեզ ինչպես անարգեց թշնամին։ Երևում է, որ դուք արդեն սովոր եք թունդ հարբելու, երբ թույլատրում եմ միայն կրկնապատկել սովորական բաժինը, դուք պատրաստ եք հարբած վայր ընկնելու այնպես, որ քրիստոնյա բանակի թշնամին կարող է ոչ միայն ձեր շալվարները հանել, այլև փռշտալ ձեր երեսին, և դուք ոչինչ չեք զգա»։

Բոլոր կոզակները լուռ կանգնել էին, գլուխները խոնարհած. նրանք զգում էին իրենց հանցանքը։ Միայն նեզամայկովյան կուրենի ատաման Կուկուբենկոն արձագանքեց։

«Կա՛ց, բատկո,— ասաց նա։ — Թեև օրենքի հակառակ է ընդդեմ խոսք ասել կոշևոյին, երբ նա խոսում է ամբողջ զորքի առաջ, բայց դեպքն այդպես չի եղել և այդ պիտի ասել։