Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտքերս հավաքելու մյուս ասպետներից, որովհետև պան խորունժին, ես պարզ կասեմ պանին, գրպանում մի ոսկի էլ չունի, թեև նա ագարակներ ունի, կալվածքներ, չորս ամրոց և մինչև Շկլոդ տափաստանը նրանն է, իսկ գրպանում գրոշ չունի, ինչպես և կոզակը։ Եվ հիմա, եթե Բրեսլավի ջհուդները նրան չզինավորեին, նա չէր կարող մինչև իսկ պատերազմի դուրս գալ։ Նա սեյմում էլ չի եղել, նրա համար, որ․․․»

«Իսկ ի՞նչ էիր անում քաղաքում։ Տեսա՞ր մերոնց»։

«Ո՞նց չէ, մերոնք այնտեղ շատվոր են, Իցկան, Ռահումը, Սամույլոն, Խայվալոխը, որ հրեա վարձակալ է․․․»։

«Թող սատկեն այդ շները, — բղավեց բարկացած Տարասը։ — Ի՞նչ ես խոթում քո ջհուդի ցեղը։ Ես քեզ հարցնում եմ մեր զապորոժցիների մասին»։

«Մեր զապորոժցիներին չեմ տեսել, բայց տեսա միայն պան Անդրիին»։

«Տեսար Անդրիի՞ն, - բղավեց Բուլբան։ — Ո՞նց տեսար և ո՞րտեղ տեսար. նկուղի մե՞ջ, խոր փոսո՞ւմ, անպատված և կապկպվա՞ծ»։

«Ո՞վ կարող է համարձակվել պան Անդրիին կապոտել։ Այժմ նա այնպիսի նշանավոր ասպետ է․․․ Ես չճանաչեցի նրան։ Թիկնոցը ոսկուց, բազպանները ոսկուց և կրծքակալը ոսկուց, ամեն տեղ ոսկի և ամեն ինչ ոսկի, ինչպես շողում է գարնան արևը, երբ այգում ամեն մի թռչուն ծլվլում է և երգում, և բուրում է խոտը, այնպես էլ նա է շողում ոսկուց, և ինքը վոևոդը նրան նվիրել է, ամենալավ նժույգը, որ երկու հարյուր կարմիր ոսկի արժե»։

Բուլբան քարացավ։

«Ինչի՞ համար է նա հագել ուրիշի զգեստը»։

«Որովհետև ավելի լավ է, դրա համար էլ հագել է։ Ինքն էլ է ձիով ման գալիս, ուրիշներն էլ են ման գալիս, ինքն էլ է սովորեցնում, նրան էլ են սովորեցնում։ Ինչպես ամենահարուստ լեհացի մի պան»։

«Իսկ ո՞վ է նրան ստիպել»։

«Ես չեմ ասում, թե նրան որևէ մեկն ստիպել է։ Մի՞թե պանը չգիտե, որ նա իր կամքով է նրանց կողմն անցել»։

«Ո՞վ է անցել»։

«Պան Անդրին»։