Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս են մտնում, ես ինձ հետ համենայն դեպս առա մի թել գոհար, որովհետև քաղաքում կան ազնվատոհմ գեղեցկուհիներ, իսկ եթե կան գեղեցկուհիներ և ազնվական աղջիկներ, ապա նրանք, ես այդպես միտք արի, եթե ուտելու բան էլ չունեն, այնուամենայնիվ, գոհար կառնեն։ Եվ հենց որ խորունժիի ծառաներն ինձ բաց թողին, ես վազեցի վոևոդի բակը, որպեսզի գոհար վաճառեմ։ Ես թաթարուհի աղախնից ամեն ինչ իմացա. հենց որ զապորոժցիներին քշեն, իսկույն հարսանիքը պիտի անեն։ Պան Անդրին խոստացել է քշել զապորոժցիներին»։

«Եվ դու տեղնուտեղը չսպանեցի՞ր այդ սատանի ձագին», — բղավեց Բուլբան։

«Ինչի՞ համար սպանել։ Նա ինքն իր կամքով է անցել։ Մարդն ինչո՞վ է մեղավոր։ Այնտեղ նրա համար լավ է, ուստի և նա անցել է»։

«Եվ դու տեսա՞ր նրա երեսը»։

«Աստված վկա, տեսա երեսը։ Այնպիսի փառավոր կտրիճ էր, բոլորից տեսքով։ Աստված նրան առողջություն տա, ինձ իսկույն ճանաչեց և, երբ ես մոտեցա նրան, իսկույն ասաց․․․»:

«Ի՞նչ ասաց նա»։

«Նա ասաց, բայց առաջ մատով արեց և ապա միայն ասաց. «Յա՛նկել», իսկ ես՝ «պան Անդրի» ասացի։ «Յա՛նկել, ասա հորս, ասա եղբորս, ասա կոզակներին, ասա զապորոժցիներին, բոլորին ասա, որ հայրս այժմ ինձ հայր չէ՛, եղբայրս եղբայր չէ՛, ընկերս ընկեր չէ՛, և որ ես նրանց բոլորի հետ պիտի կռվեմ, պիտի կռվեմ նրանց բոլորի հետ»։

«Սո՛ւտ ես ասում, Հուդայի զավակ, — համբերությունը կորցրած բղավեց Տարասը։ — Ստում ես, շո՛ւն։ Դու Քրիստոսին էլ խաչեցիր, աստծուց նզովյալ մարդ։ Ես քեզ կսպանեմ, սատանա։ Կորի՛ր այստեղից, թե չէ տեղնուտեղը կսպանեմ»։

Այդ ասելով, Տարասը թուրը քաշեց։ Վախեցած ջհուդն իսկույն փախավ և վազեց, որքան ուժ ունեին նրա չոր ու բարակ ազդրերը։ Դեռ երկար ժամանակ նա վազում էր կոզակների բանակատեղի միջով և նույնիսկ հեռվի ազատ ու ընդարձակ դաշտում, թեև Տարասը նրան ամենևին չէր հետապնդում, մտածելով, որ անխելքություն է ցասումը թափել առաջին հանդիպածի գլխին։