Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքով, — ուրեմն ոչ ոք ինձ չի հանդիմանի: Մենակ ես մնում եմ»։

Կանգնած բոլոր զապորոժցիները տատանվեցին։

«Իսկ մի՞թե դու մոռացել ես, քաջ գնդապետ,— ասաց այդ ժամանակ կոշևոյը, — որ թաթարների գերության մեջ են նույնպես մեր ընկերները, որ եթե այժմ մենք նրանց չփրկենք, ապա նրանց, որպես ճորտեր հուր-հավիտյան կվաճառեն հեթանոսներին, մի բան, որ վատթար է ամենասոսկալի մահից։ Մի՞թե մոռացել ես, որ այժմ նրանց ձեռքումն է մեր ամբողջ գանձը, որ ձեռք է բերված քրիստոնյայի արյունով»։

Բոլոր կոզակները խոր մտածմունքի մեջ ընկան և չգիտեին ինչ ասել։ Նրանցից ոչ մեկը չէր կամենում վաստակել խայտառակ համբավ։ Այն ժամանակ առաջ եկավ ամբողջ զապորոժյան զորքի ամենատարեց կոզակը՝ Կասյան Բովդյուգը։ Բոլոր կոզակները նրան հարգում էին. երկու անգամ նրան ընտրել էին կոշևոյ, և պատերազմների մեջ ևս նա իրեն ցույց էր տվել իբրև շատ քաջարի կոզակ, բայց վաղուց արդեն ծերացել էր և չէր մասնակցում արշավանքներին, չէր սիրում և որևէ մեկին խորհուրդներ տալ, այլ այդ ծերունի ռազմիկը սիրում էր պառկել կոզակների շրջանում և լսել զանազան եղելությունների և կոզակների արշավանքների մասին պատմություններ։ Նա երբեք չէր խառնվում նրանց խոսքին, այլ միայն լսում էր և մատով սեղմում իր կարճ ծխամորճի մոխիրը և երբեք բերանից չէր հանում ծխամորճը և ապա նստում էր շատ երկար, թեթևակիորեն կկոցելով աչքերը, և կոզակները չգիտեին՝ քնած է նա արդյոք, թե դեռևս լսում է։ Բոլոր արշավանքների ժամանակ նա տանն էր նստում, բայց այս անգամ ծերունին չէր համբերել։ Կոզակի նման թափահարել էր ձեռքը և ասել. «Էս էլ մի բան չէ։ Ես էլ գնամ, գուցե մի բանում պետք եղա կոզակներին»։ Բոլոր կոզակները լռեցին, երբ այժմ նա դուրս եկավ բազմության առաջ, որովհետև շատ վաղուց էր նրանից չէին լսել ոչ մի խոսք։ Ամեն ոք ուզում էր իմանալ, թե ի՞նչ է ասելու Բովդյուգը։

«Հասավ և իմ հերթը, պան եղբայրներ, որ ես էլ խոսք ասեմ,– այսպես սկսեց նա։— Տղե՛րք, լսեք մեծի խոսքը։ Շատ իմաստուն ասաց կոշևոյը, և իբրև կոզակների զորքի գլուխ, որը պարտավոր է պահպանել և հոգ տանել զորքի