Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճնշումներից և յուրաքանչյուր ծխից գանձվող նոր տուրքերի հավելումից։ Իր կոզակների հետ նա ինքը նրանց դատաստան էր անում և կանոն էր սահմանել, որ հետևյալ երեք դեպքում հարկավոր է թուր առնել, երբ կոմիսարները որևէ բանով չէին հարգում ավագներին և նրանց առաջ կանգնում էին գլխարկով, երբ ծաղրուծանակում էին ուղղափառությունը և չէին պաշտում նախնիների սովորությունները և, վերջապես, երբ թշնամիներն անօրեններն էին և տաճիկները, որոնց դեմ նա բոլոր դեպքերում թույլատրելի էր համարում զենք բարձրացնել ի փառս քրիստոնեության։ Այժմ նա կանխավ մխիթարում էր իրեն այն մտքով, թե ինչպես իր երկու որդիների հետ կներկայանա Սեչի մարդկանց և կասի. «Ահա տեսեք, ի՛նչ կտրիճներ եմ բերել ձեզ», — ինչպես որդիներին կներկայացնի պատերազմների բովում կոփված իր բոլոր հին ընկերներին, ինչպես ինքը կդիտի իր որդիների առաջին սխրագործությունները ռազմական գիտության ասպարեզում, նաև գինարբության, որը նույնպես համարում էր ասպետի գլխավոր առաքինություններից մեկը։ Սկզբում նա կամենում էր նրանց մենակ ուղարկել, սակայն ի տես նրանց աշխուժության, բարձր հասակի և մարմինների հզոր գեղեցկության՝ բռնկվեց նրա ռազմասեր ոգին, և նա մյուս օրը ևեթ վճռեց նրանց հետ գնալ, թեև դրա միակ կարևորությունը՝ նրա համառ կամքն էր։ Նա արդեն գործի էր անցել և կարգադրություններ էր անում, երիտասարդ որդիների համար ընտրում էր ձիեր և ձիասարք, մտնում էր ախոռները և ամբարները, ջոկում էր սպասավորներին, որոնք վաղը նրանց հետ պիտի ճանապարհվեին։ Իր իշխանությունը նա հանձնեց եսաուլ Տովկաչին և միաժամանակ խստագույն պատվիրեց ամբողջ զորագնդի հետ իսկույն ևեթ ներկայանալ, եթե միայն Սեչից նա որևէ լուր ուղարկի։ Ու թեև կատարը տաք էր, և գլխի մեջ դեռ եռում էր խմածը, այնուամենայնիվ, նա ոչինչ չմոռացավ։ Նույնիսկ հրամայեց ձիերը ջրել և մսուրների մեջ լցնել խոշոր և ամենաընտիր գարին, ու վերադարձավ դադրած իր բոլոր հոգսերից։

«Դե, տղերք, այժմ հարկավոր է քնել, իսկ վաղը՝ բանն աստված: Մեզ համար անկողին մի՛ փռի։ Մեզ տեղաշոր պետք չի։ Մենք դուրսը կքնենք»։