Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դնեպրի բոլոր կղզիների վրա և խորշերում նրանք եղել էին Մոլդավիայի, Վալախիայի կողմերում և Տաճկաստանում. Սև ծովն աջ ու ձախ կտրել էին կոզակների երկղեկանի նավակներով. հիսուն նավակներից շարք կազմած նրանք հարձակվել էին հարուստ և բարձր նավերի վրա. տաճկական շատ առագաստանավեր էին խորտակել և իրենց կյանքում անչափ շատ վառոդ էին կրակել. շատ անգամ էին նրանք ոտափաթաթանի համար պատառոտել թանկագին բեհեզների կերպասներ. շատ անգամ էին նրանք խոնջաններից կապած քսակները լիքը լցրել մաքուր ցեխիններով։ Ւսկ նրանցից յուրաքանչյուրը որքա՜ն գանձեր էր տվել գինու և զվարճության, գանձեր, որ մի ուրիշին հերիք էին ցմահ՝ դժվար է հաշվել։ Ամեն ինչ տալիս էին, ինչպես կոզակի սովորությունն էր, հյուրասիրելով ամբողջ աշխարհը և երաժիշտներ կանչելով, որպեսզի ուրախանա աշխարհում ինչ կա-չկա։ Դեռ այժմ էլ նրանցից շատերը Դնեպրի կղզիների եղեգնուտում հորած գանձեր ունեին՝ գավաթներ, արծաթե շերեփներ և ապարանջաններ, որպեսզի թաթարը նրանց տեղը չգտնի, եթե բան է, դժբախտ դեպքում նա հանկարծակի հարձակվի Սեչի վրա, բայց թաթարը դժվար կարող էր այդ գանձերը գտնել, որովհետև տերն ինքն արդեն մոռանում էր, թե որտեղ է թաղել: Ահա այդպիսի կոզակներ էին, որոնք կամեցան մնալ և լեհացիներից վրեժ առնել իրենց հավատարիմ ընկերների և քրիստոսի հավատի համար։ Ծերունի կոզակ Բովդյուգը նույնպես կամեցավ նրանց հետ մնալ, ասելով. «Այժմ իմ տարիքը այն չէ, որպեսզի ես արշավեմ թաթարների ետևից, իսկ այստեղ տեղն է, որ ես ննջեմ քաջ կոզակի մահով։ Վաղուց արդեն ես աստծուց խնդրում էի, որ երբ մեռնեմ, թող մեռնեմ կռվի մեջ՝ քրիստոնեության սուրբ գործի համար։ Այդպես էլ պատահեց։ Ծերունի կոզակի համար ուրիշ տեղ այլևս չի լինի ավելի փառավոր վախճան»։

Երբ բոլորը բաժանվեցին, և կողմերը կուրեններով կանգնեցին երկու շարքի, կոշևոյն անցավ շարքերի միջով և ասաց.

«Ւսկ գո՞հ է մի կողմը մյուսից, պան եղբայրներ»։

«Բոլորս գոհ ենք, բատկո», — պատասխանեցին կոզակները։

«Ուրեմն համբուրեցեք իրար և ներեք իրար, որովհետև, ով