Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո, երբ խզումը կատարյալ եղավ, Լութիկ և Սերոբ բնականաբար մտածեցին՝ յուրաքանչյուրը իր հաշվույն, գերել սիրտը Սերինային, որ առանց ուզելու, կտրտած էր այդ երկու ազնիվ ու արի սրտերն իրար կապուլ կապը։ Սիրո մրցակցության փայլուն և աղմկալից պայքարը բացվելու էր, մեկուն կամ մյուսին հաղթանակին հանգելու համար։ Բայց այդ մարդիկը սիրահարական ճղճիմ հնարքներու ընդունակությունը չունեին։ Անճարտար Դոնժուաններ էին։

Լութիկ, որ անվեհերության անձնավորումն էր, նապաստակի պես դողդողաց այն մտածումին առջև, թե Սերինային աչքը մտնելու կամ անոր սիրտը գրավելու համար ստիպված էր առտուիրիկուն անոր տանը առջևեն անցնէլ և ժպիտ մը կամ ակնարկ մը նետել անոր, կամ փողոցէն մեջ անոր ետևեն իյնալ, կամ… վերջապես, հիմարություններ, որոնք էր քաջ հոգին սարսուռով կհամակեին։ Այնքան վատություն տեսավ այս բոլոր տղայական ու վարնոց հնարքներուն մեջ, որ նույնիսկ երբ դիպվածով փողոցը հանդիպեցավ Սերինային, իսկույն քովի փողոցը դարձավ:—Ինչ ընելու է, ընտո՞ր ընելու է,—կմտածեր խեղճ երիտասարդը բռունցքը մոլեգնորեն սեղմելով։

Բայց անգործ մնալն ալ անկարելի էր։ Ինչե՞ր կըներ արդյոք Սերոբ, երբ ինք ատանկ ապուշի պես կապկպված կեցած էր։ Երակներուն մեջ արյունը կեռեփեր, երբ կմտաբերեր այն պարագան, ուր Սերոբ կրնար իրմե. առաջ հաջողիլ և Սերինան առնել։ Ի՞նչ հարված իրեն համար, իր արի ու պատվախնդիր մարդու արժանապատվությանը համար։ Կամ փախչելու էր թաղեն, մինչև իսկ Պոլսեն, կամ անձնասպան ըլլալու։ Կուզեր, լրտեսել Սերոբը, բայց այս ալ իրեն, նողկանք պատճառող բան մըն էր. իսկ ուրիշներու ձեռքով ատիկա ընել տալու համար՝ գաղտնիքը երևան հանել հարկ էր։ Գիտեր, որ Սերոբ ինքն ալ այդ մասին բծախնդիր էր և ոլոքի հայտնած էր իրենց գժտության պատճառը։ Կզգար, որ իր խաղաղ, անամպ ու շենշող կյանքին մեջ հանկարծ մռայլ տխրություն մը մտած էր. ու դառնութան րոպէներու, Սերինային այն պարը, այն դյութական տատանումը կթվեր իրեն գալարումը օձի մը, որ իր էութենեն ներս սողոսկեր էր։