Էջ:Novellas of Erukhan.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացատրեց, որ եթե այդ ներկը իր խանութին մեջ շատ աժան գինով ծախվեր, Օհան աղային ներկը կիյնար, կը լմննար։ Ուրախության շեկ փայլեր շողացին Խաչիկ աղայի աչվըներուն մեջ, այդ երանելի ներկը իր թշնամիին փճացումն էր։

— Շինե՛, բե՛ր` ծախենք, ըսավ, ի՞նչ են պայմաններդ։

Հոս` Կարապետ ճակատը շփջփեց վարանմամբ։ Պայմաննե՞րդ։

— Պայմաններս շատ ալ թեթև չեն, ըսավ ժպտալով։

— Ինչ որ ալ ըլլան, առաջվընե ընդունած եմ, պատասխանեց Խաչիկ աղա, ձեռքը թոհաֆճիին երկնցնելով ի նշան հավանության։

— Պետք է որ մեր երկու խանութները միացնենք և ընկեր ըլլանք, ըսավ Կարապետ կշռավոր և խուլ ձայնով մը, ներքին զսպված հուզումե մը թրթռուն։

— Ընկե՜ր, կրկներ Խաչիկ աղա, ճակատին քրտինքը սրբելով մատներովը։

— Այո՛, ընկեր, արձագանքեց անագորույն խանութպանը։

Շաբաթ մը ետքը Խաչիկ Մորուքյան և ընկ. ֆիրմայով մազի ներկ մը հրապարակ ելավ, տուփը տասը ղրուշի, մինչ Օհան Տերտերյանի ներկը քսան ղրուշ կարժեր։ Օհան աղա ափի, բերան եղավ։

— Վա՜յ թշվառական սրիկա, պոռաց, տունս տեղս պիտի կործանեմ սա նայե...

Խաչիկ-Կարապետ ընկերությունը երկուքին մեջ գաղտնիք էր միայն։ Բայց շատ չանցած՝ Կարապետ իր խանութը ճոխացուց` ահագին ապրանք բերելով և նույնիսկ երկու պաշտոնյա վարձելով։ Խանութին ճակատը ընդարձակեց, խոշոր և հոյակապ ցուցափեղկով մը որ վար չէր մնար հիմակ իր մրցակից ցուցափեղկերեն։ Ներկը ահագին ընդունելություն գտավ. անոր պատճառով Կարապետ գերակշիռ դիրքի մը տիրացավ Մորուքյան վաճառատան մեջ, իր ազդեցությանը տակ ճզմելով հեք Խաչիկ աղան, որուն կյանքը բարոյապես փճացած էր, անմարելի վրիժառության կրակներուն մեջ անդադար ճենճերված։

Նոր ներկին հրապարակ ելլելն և մեծաքանակ վաճառման