Էջ:Novellas of Erukhan.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր իր ներքին կարգ ու սարքովը։ Ցածկեկ փողոցի մը անկյունը, կորաքամակ ու ծերուկ մարդ մը նստած էր, երկայն սև վերարկուի մը մեջ պահած իր ոսկրոտ մարմինը որուն մեկ մասըն անշարժության դատապարտված էր։ Վշտալից տարիներ քանդակագործի մը հերյուեին նրբանքովը՝ ակոսներ փորփրած էին անոր երեսին լերկ մաշկին վրա, անողոք ոլորքներով, ճակտեն մինչև վիզը։

Ռափիկին մեծ հայրն էր այս մարդը։ Դեմքին դաժան ու խեռ արտահայտությունը, մորթին փոթերէն շեշտվելով, ահարկու տպավորություն մը կը թողուր։ Պղտոր ապակիներով ու ժանգոտած ողորմելի ակնոց մը ոսկրացիր քիթին վրա կը հանգչեր միշտ․ աչքե անքթիթ հառած լուցկիի տուփերուն խառն ի խուռն զանգվածի մը վրա, որուն մեջ շարունակ կը պտըտեին իր չոր ու ծռմռկած մատները, լեցուն տուփերէն գողնալով ու պարապները լեցնելով։ Իր ճիշդ քովը, գետնին վրա կը պառկեր երկայն սև դավազան մը, որ իր անթացուպն էր, և ի հարկին, իր ահարկու զենքը, որուն հատկությունները խղճի մտոք սերտած էր փոքրիկ Ռափիկը։

Ուրիշ մանր֊մունր առարկաներ կը գտնվեին այդ գարշահոտ խուցին մեջ, երկու երեք մրոտած փոքր սաներ, կրակարան, մը, որմադարանի մը մեջ կանթեղ մը, մեկ երկու պնակներ, հին դեղնած սաղմոս մը, և այլն։

Տախտակամածը ծածկված էր եղի ու կերակուրի թափթփուքներու ահագին արատներով։ Երկու պատուհաններուն ապակիները կերևային՝ փտած ճաթռտած վարագույրներու մեջեն, աղտոտ ու փոշեթաթավ։ Այդ գարշելի խուցին թափանցող ն’աղկոտ լույսը թախծկոտ տխրություն մը կը ցաներ հոն, առարկաներու գիծերը տարտղնելով, իրար խառնելով, ու սրտամորմոք ամբողջություն մը արտադրելով։ Ու այս ամենուն մեջ, շարժուն միակ բանը, բազմոցի մթազգած ծերուկին երկար, ոսկրոտ մատներն էին որոնք դողդողջուն գծեր ու շրջաններ կը ձևացնեին օդին մեջ, լուցկիի տուփերուն մեկեն մյուսեն երթալով շարունակ, լուցկիի կույտեր կազմելով պարապ տուփերուն համար, որոնք իր բացեն շահը կը ներկայացնեին, և որոնց վրա կը հառեին իր