Էջ:Novellas of Erukhan.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան երկու կողմերը կրկին շարքերով կեցած էին կիներ, աղջիկներ ու տղայք. հարատև հարոլոր և հարաճուն փըսրտուք մը կը տիրեր այդ շարքերեն մեկ ծայրեն մյուսը։ Հանկարծ աղաղակ մը լսվեցավ.

— Մարկոս աղբա՜ր։

Եվ քանի մը տասնյակ բերաններ կրկնեցին այս բացագանչությունը։

Արդարև Մարկոս աղբարը կուգար, առաջեն ունենալով խեղճ տղա մը որ լապտեր մը բռնած էր, և անոր ետևեն ալ ինք գալով, սև դեղնած զգեստներ հագած։

— Փեսա՛ն, փեսա՛ն, գոչեցին քանի մը չարամիտներ։

Մարկոս աղբար սեգ քալվածքով, աոանց ամենևին կարևորություն տալու այդ սրագոչ աղաղակներուն, ուղղակի հարսանյաց տան դուռն ուղղվելով զարկավ ուռնակը։

Դուռն անմիջապես բացվեցավ և Մարկոս աղբար ներս մտավ. իր ակնկալած ընդունելությունը չգտավ սակայն խեղճ ապուշը. «Մարկոս աղբարն է» ըսին և ամեն մարդ իր գործին, իր զվարճության զբաղեցավ. չորսդին տարտամ նայվածքներ արձակելով, մարդուկն առաջացավ, չգիտնալով ինչի վերագրել իրեն փեսային՝ նկատմամբ ցույց տրված այս զարմանալի անտարբերությունը։ Ինչ և իցե, ապշությունե ապշություն գլորվելով, ցնորածի պես վեր ելավ սանդուխեն և ինքզինքը սրահի մը մեջ գտավ, որուն մեջը դիմացե դիմաց երկու սենյակներ կային հարսնևորներով լեցուն։

— Թոհա՜ֆ պան, կը մրմռար Մարկոս աղբար կրթնելով դրանն այն սենյակին ուր հարսը, սպիտակ շղարշե շրջազգեստի մը փրփուրներուն մեջ թաղված, բազմոցին անկյունը նստած էր՝ արծաթաթել քողն երեսն ի վար ձգած։

Հոն մնաց ապուշը, թմրած, անզգայացած, առանց գիտակցությունն ունենալու շուրջն եղածներուն. ողորմ նայվածքներ կը նետեր հարսին վրա ու լալու անդիմադրելի զգայություն մը կունենար. կանցնեին կը դառնային առջևեն, առանց իր երեսն իսկ նայելու, իբր թե մեկը կայնած չըլլար հոն։ Պահ մը, համբերությունն հատնելով, զայրույթով լեցուն սիրտը, արյունը մոլեգին