— Անանկ է նե առջևս ինկիր, կո՛ղ շուն, աղերը կողծողը տուն էս էղեր, տուրս նայե։
Ալիքսան, ափիբերան, դուրս նայելով` քանի մը համազգեստավոր մարդեր տեսավ որք դրան քովը կր սպասեին։
— Պիտի պռնե՞ք ինծի, հարցուց։
— Հիմակ, հատե քալե։
Ալիքսան ներս վազեց՝ մոլորուն քայլերով, խցիկը մտավ, ասդին քշեց խեղճ մայրը, որ կը հեծեծեր, մեկդի նետեց անկողնին վերմակը, բռնեց Աննիկին փայտացած մարմինը ուսերեն, երկու անգամ համբուրեց անոր սառեցած նիհար այտերն, հետո վար դրավ։
— Հիմա՛կ, ըսավ խուլ և հանդիսավոր ձայնով մը և մեջքին գոտիեն երկար դաշույն մը դուրս հանեց, բացավ շապիկն որուն տակեն երևան ելավ անոր մազոտ լայն կուրծքը, զենքը բռնեց երկու ձեռքովն ու բոլոր ուժովը ներս հրեց. դաշույնը` մինչև կոթն անհետ եղավ կուրծքին մեջ։
Ալիքսան անկողնին մեջ փռվեցավ ինկավ մեռելին քով` երկար հեծյուն մը բառնալով կոկորդեն մինչև Հոռոփ հանըմ սոսկալի աղաղակ մը կարձակեր և ձյունին հատիկներն ալ հովեն մղվելով կը ծածկեին Աննիկին ու Ալիքսանին ալ մեռելատիպ դեմքերը` կանթեղին աղոտ ու տարտամ լույսին մեջ։