Էջ:Novellas of Erukhan.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրարու երես կը նայեին, աղջիկը միշտ ժպտուն, գողտրիկ երգ մը մրմռալով, երիտասարդն ակնապիշ և երազուն, անզգալաբար թանձրացող մութին մեջ, որ համատարած աներևույթ մուրի պես կը սևցներ այդ գեղեցիկ շրջապատկերին ամեն խորշիկներն ալ։

— Երթանք, մութցավ, մրմնջեց մանկամարդ հելենուհին հանկարծ բռնելով Տիրանին ձեռքն իր մանտրտիկ մատներուն մեջ, ու սկսավ բլրակն ի վար վազել՝ այծյամի պես ոստոստելով և ետևեն քաշելով պատանին, որ հանկամս կը հնազանդեր այդ հեշտագին քարշումին, առանց գիտնալու թե՝ ինչ Էր իր ըրածը, երազ տեսնողի մը տարակուսանքով, որ չուզեր արթնանալ, վախնալով որ կը ցնդի հեշտավոր տեսիլքը։

Վերջապես ագարակին դուռն հասան, ուր կը սպասեր Տիրանին մայրը, որ ի տես զավակին, անոր վիզը փաթթվեցավ ու գորովանքով համբուրեց երկու այտերեն։ Պատանին կը հևար, իսկ հելլենուհին կոկորդալիր կը խնդար, այդ զվարճալի վազքըն ընել տալու համար։

Ագարակին պատին երկայնությամբը շինված երկու պատուհանով ցածուկ տունի մը դուռնեն ձայն մը լսվեցավ մեկեն ի մեկ.

— էլենա՛, էլենա՛։

— Քալինիքթա, գոչեց մանկամարդ աղջիկը ձեռքի աշխուժ շարժումով մը բարևելով մայրն ու որդին և թռավ գնաց՝ մտացածին հուրիի պես անհետ ըլլալով Տիրանին աչքեն, որ կարծես թե քայքայում մը տեղի ունեցավ հանկարծ, սարսռալի պարապության մը մեջ զգաց ինքզինքը երբ տեսավ այդ տեսիլքին անհետիլը վերջապես։ Պիշ պիշ կը նայեր այն կողմը, լալու պոռթկալու անսանձ տենչ մը զգալով. իր տեսողության առջև փնտռել ջանալով դեղձան վարսերը, կապույտ ծավի աչվըներն ու ժպտագեղ շուրթերը էլենային։

Մայրը ուշի ուշով կը դիտեր իր որդուն այդ հայեցողական կեցվածքը, ու կը սպասեր որ սթափի այդ տեսակ մը թմրութենեն։

— Ներս երթանք մա՛յր, ըսավ Տիրան տխուր շեշտով մը։