Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերածնության տաճարին մեջ ուրիշ լուսեղեն սյուն մ՝ալ կանգնեց:

Խոսարան:

Այս բառը միմիայն եվրոպական թերթերու մեջ գրեթե կը կարդայինք, այս հարկը Սամաթիացին զգաց, այս հարկը Սամաթիացին ունեցավ։

Խոսարանը ազգային խնդրոց քավարան և գաղափարներու կրթարանն Է, հառաջադիմության բաժակ մը, ուր մրուրը հյութեն կը զտվի։

Խոսարանն իր մեջ ապագային նախազգաց ձայներն ունի: Սկզբունքներու ընդհարումը լույս կը ժայթքե. հոն կը սրվին գաղափարները, հոն կը ցրվին սխալ ըմբռնումները, հոն կը փթթին հանճարները, հոն կուղղվին կարծիքները, հոն կը հյուսվին գեղեցիկ միտումները, հոն կը կապվին միտքն ու սիրտը, հոն կարտահայտի լույս և կապ, վերջապես հոն կը կազդուրի ներկայն և հուսադրվի ապագայն:

Լուսավորության կանթեղին յուղը մեր քիրտն Է, եթե մեր հուրը մարի, այն ալ կը մարի:

Ուրեմն աշխատինք, որ քրտնինք, առանց հոգնելու չըզգացվիր այն չափ հանգստյան քաղցրությունը: Սամաթիա Պոլսո արվարձաններուն նախնի Աթենքը եղած է, պետք է որ Պոլսո մյուս թաղերն ալ անոր շավղին հետևին, այլ ընդհակառակը անոնցմե շատերը վարժարանաց ուրիշ կարևոր հարկեր հարելու տեղ, նույն իսկ վարժարաններն ալ անկարգ ու կիսափակ պահելու անփույթ ու մութ վիճակի մը մեջ կը ծըփան. (բարեհույս եմք որ Ամեն. ս. Պատրիարքի) եռանդուն ջանքովը աղքատիկ և անտարբեր թաղերու այս թշվառ կացությունը քիչ ժամանակեն կը կերպարանափոխի):