Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համակրական ընդգրկումը պիտի ամրապնդե։ Հասարակաց կարծիքը չկրնար ուրանալ այն շահերը, զորս ազգը քաղեց ազգային թերթերեն, որոնց գլխավորներեն Մասիս5) իր հայկաբանությամբը, Մանզումե6) իր հախուռն գաղափարներովը և Օրագիր7) իր հասուն խորհրդածությամբքը բավական լույս ու շահ ջամբած են ազգին։ Հրապարակական թերթերն ազգի մը հառաջադիմության թևերն են։ Լուսավորյալ գարու փառաց դափնիներ։ Մելանը խավարի սև արյունն է։ Ծծենք միշտ զայն։ Հոգեսպառ ընենք. տապալենք խավարը։ Խավարի արյանը մեջ լուսո զենքեր թաթխենք, գրիչներ։ Հարգենք գրիչը, ինչպես հսկայն իր զենքը, քահանայն իր խաչը։ Հառաջադիմական խոկմանց ծալերով ծանրացած ճակատներ հանձնենք մեր հողակույտին։ Այս է մարդկության պարտքը։ Իրավ է որ Մամուլնիս ամուլ չէ։ Բայց ինձ այնպես կ’երևի, որ Հայության կենաց ծառեն մեկ֊մեկ տերև կ’ընկնի, երբ անընդհատ նոր թերթեր ծնանելնուն հետ կը մեռնին։ Ասոր պատճառն այն է, որ մեր հասարակությունը չը հարգեր նոր ասպարեզ նետվող գաղափարի մը դողդոջումը և թոթովումը, կ’ուզե որ հանկարծ արծվի մը պես թևարկե և օվկեանի մը պես մռնչե։ Անհնար է այս։ Օվկեանն անգամ ատեն մը կաթիլ մ’էր։ Վերջապես խոսքերնիս եզրակացնենք։

Վարժարան և տպարան, ասոնք են մեր զարգացման վառարանները. ասոնցմե մարդ, — մայր ալ հասկնանք, — և գիրք դուրս տալ աշխատինք։ Եթե ամեն հայ մարդ և ամեն գաղափար գիրք ըլլան՝ այն ատեն մեր հուսացած իրականացյալ ազգն ենք։

Երջանիկ և անմահ ազգ մ’ենք։