Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ հոգին² հառած է դալկահար և անհուն աշխարհի մը, զոր երկինք³ կը կոչեն... Ա՜հ, բարեկամ, կուզեմ զգալ թե երկին մը կա, վասնզի դժվար է ինձ հավատալ թե աշխարհ մը կա ինձ համար... և ի՜նչ աշխարհ... Ես ըսած եմ անգամ մը, թե աշխարհ Աստուծո՝ այն գերմարդկային տիտանին ձանձրույթի մեկ հառաչն է¹), հառաչ մը, որ աշխարհաստեղծութենե առաջ գահոսային խառնակության մը վրա հառաջ եկավ... Աղետալի՜ փոթորիկ Աստուծո մը սրտին, անհուն անապատի մը։

Դու կըսես վերջին նամակիդ մեջ. «Իբր թե յաստիս միայնակ, «ո՞ւր ես» կը գոչես ինձ․ այդ հարցումդ զիս տխրեցուց, միթե սրտիդ ծալուցը մեջ անգամ չը գտա՞ր զիս»: Ա՜հ, միթե հիշատակ կը բավե՞ ամենասիրելվո մը կրակոտ հիշատակը միթե կը բավե՞ անոր համար, որ «մնաս բարով»ի տխուր թել մ’է դարձած, որ «դալկությանց բուրաստանին» կ’որդեգրի, հանցա՞նք է միթե բարեկամ մը կարոտիլ, անոր հոգվույն ծարավին ըլլալ, անոր խոսիցն ու ժպիտներուն անոթին ըլլալ... ոչ, չը բավեր ինձ հիշատակդ, դու ինքնին միայն չը բավես ինձ. ինչպես որ ես Վարդանի՝ դու ալ իմ ցուրտ ու անթարթ աչերը պիտի փակես²)... Մի՛ տխրիր բարեկամ... ես տխուր֊զվարթ մ’եմ. ո′չ, դողդոջ երջանիկ մ’եմ... մահու դալուկը իմ ճակտին վրա կը պլպլա իբրև մելամաղձոտ ժպիտ մը, դալկահար ժպիտ մը զիս երկընքի հետ կը միավորե։

Երբ լսեցի որ գարնան հոս պիտի գաս³), սիրտս անհուն ուրախությամբ մը զեղվեցավ... Ինչո՞ւ արդյոք ինձի ղրկած նամակովդ այս լուրը չը տվիր։

Գիտեմ որ սիրելի է քեզ կարդալ և հեղեղել ամենասիրելվո