Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտոր ձեռագիրները, ոտանավոր և նամակ, անտիպ և ցարդ անծանոթ» որևէ բարերարի վաճառելու մասին (ԳԱԹ, ԱՉՖ, № 2353)։ Պարզվում է, որ Հովհ. Ճանֆեսճյանի մահից հետո Դուրյանի ձեռագիրներն անցել են նրա քրոջ դստեր՝ Մ․ Փափազյանի կնոջ ձեռքը։ Վերջինս տնտեսական դժվարություններից դուրս գալու նպատակով, որոշել է վաճառել դրանք։ Այդ ձեռագրերի մասին Մ․ Փափազյանը նախապես հայտնել է Ե. Դուրյանին, սակայն վերջինս համաձայն է ընդունել մի այն որպես նվեր։ Նույն ֆոնդում պահպանվող 1926-ի օգոստոսի 27-ի նամակում (№ 6630) Մ. Փափազյանը Ա. Չոպանյանին հավաստում է ինքնագրերի վավերականությունը և խնդրում նրան օգնել վաճառելու։ Ինչպե՞ս է վարվել Չոպանյանը, հայտնի չէ, միայն Մ. Փափազյանը 1929-ի դեկտեմբերի 11-ի նամակով շնորհակալություն է հայտնում վերջինիս՝ իր խնդիրքին «ընթացք տված» լինելու համար և ավելացնում է, թե Լևոն Թյութունճյանն իրեն տեղյակ է պահել (ԳԱԹ, ԱՉՖ, № 6631)։ Բարեբախտաբար մեզ հաջողվեց նամակագրություն հաստատել պր-ն Լևոն Թյութունճյանի հետ, որ բնակվում էր Լողանում։ Ի պատասխան մեր հարցման, պր-ն Թյութունճյանը հայտնեց, որ ինքը «մոռացած է Մ. Փափազյանի» խնդիրը և հավանական է համարում, որ այդ ձեռագրերը «գնված լինին Նուպարյան մատենադարանի կողմե»։ Սակայն, ինչպես մեզ հայտնեց Փարիզի Նուպարյան մատենադարանի նախկին տնօրեն պր-ն Ա. Սալմասլյանը, Դուրյանից ինքնագրեր երբևէ ձեռք չեն բերվել։

Բայց իսկապե՞ս Հ. Ճանֆեսճյանից Մ. Փափազյանին անցած ձեռագրերը անտիպ գործեր են։ Այս հարցի պատասխանը որոշակիորեն բացասական է։ Հայտնի է, որ ԳԱԹ֊ում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի միջոցով ստացվել Է Պետրոս Դուրյանի երեք բանաստեղծության ինքնագիրը և մի նամակի պատճենը, որոնք նվիրել Էր Նյու֊Յորքում հրատարակվող «նոր աշխարհ» թերթի խմբագիր Սամվել Թումանյանը (տե՜ս «Գրական թերթ», 1968, 27 սեպտեմբեր, № 39)։ Հիշյալ լրագրի խմբագիրը, որ Երևանի 2750-ամյակի տոնակատարության առիթով հյուր էր Սովետական Հայաստանում, մեզ հայտնեց, որ այդ նյութերը, ինչպես և իր մոտ՝ Նյու֊Յորքում եղած 2—3 կտոր գործ, ինքը յոթ-ութ տարի առաջ նվեր էր ստացել իր թերթի ընթերցողներից մեկից՝ Փափազյան ազգանվամբ մի ծերունուց։ Ուրեմն այդ ինքնագրերը նախ չեն վաճառվել, ապա դատելով ԳԱԹ-ում պահվող