Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերնագրի մասին ոչինչ չեն ասում։ Բայց ահա տարիներ անց էդուարդ Գոլանճյանը տարակուսել է. «Ստույգ է այն զրույցը,- գրել է նա,- թե այս խիստ ծանոթ ոտանավորին խորագիրը (խոսքը «Հայուհին» բանաստեղծության մասին է— Ա. Շ.) բանաստեղծեն անկախաբար, փոխված է։ Ակնարկված կինը հայուհի մը չէ՛» ․(«Լույս», հանդես, Կ. Պոլիս, 1908, թիվ 18 էջ 605, ծ.)։

Հայտնի չէ, թե այսպիսի պնդման համար Գոլանճյանն ինչ հիմք է ունեցել, բայց մի կողմնակի վկայություն, կարծես, հաստատում է նրա կարծիքը։ Ա. Չոպանյանը հայտնում է, թե գրողը դպրոցական տարիներին «Գարնանային կենացս մեջ» բանաստեղծությունից բացի գրել է «աննշան» մի գրվածք և ավելացնում է. «Թրքուհին է տիտղոսը, բայց քերթվածը հեռավոր բաղդատություն մը անգամ չի վերցներ Դուրյանի նույն տիտղոսով հրաշակերտին հետ»։ Նա հարկ է համարել մեջբերել հետևյալ «սովորականեն քիչ մը բարձր» տունը միայն.

Ո՜հ, կարծես թե նե երկնային
Զըվարթուն մ՚էր երկնի վրա՝
Լույս սփռելու, սեր բուրելու,
Հուր ցայտելու էր իջած» («Դուրյանի կյանքը», էջ 25)։


Դժվար չէ նկատել, որ սա «Հայուհին» բանաստեղծության հինգերորդ տունն է (տող 17—20)։ Առաջին և երկրորդ տները նույնն են, իսկ մյուսներն ընդգծված տարբերություններ ունեն։

Արդյոք բանաստեղծության վերնագիրը «Թրքուհին» չէ՞։ Այսպիսի ենթադրությունը համոզիչ կարող է թվալ, եթե հիշենք, որ անցյալ դարի 90-ական թվականներին Թուրքիայում մոլեգնող պանիսլամիզմի պայմաններում անթույլատրելի էր համարվում քրիստոնյայի կողմից մուսուլմանուհուն դրվատելը։ Չէ՞ որ այդ պատճառով էր, որ «Թրքուհին» տաղի խորագիրը 1893֊ի ժողովածուի մեջ փոխարինվեց աստղանիչներով, իսկ «Ա» («Երեկոյյան բալն կը սողար բարդիլ խավ») անավարտ քերթվածի «նուրբ ամպիկով, ուսկից ուսան թրքուհիք» տողում ընդգծված բառից թողնվեց միայն «...ուհիք» վերջավորությունը։ Սակայն այդպիսի ենթադրության հետ, որքան էլ առաջին պահ ընդունելի թվա, չի կարելի անվերապահորեն համաձայնել։ Վերոհիշյալ տարբերությունները ցույց են տալիս, որ Դուրյանը