Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

69, 70, 71 տարիներուն «Օրագիր» թերթին մեջ Նորայր, Արմենակ կամ Պետրոս Դուրյան անուններով գրվածներ» («Արևելք», 1892, 23 հունիս, թիվ 2523)։ Ի՞նչ հիմք ուներ էքսերճյանը, երբ խոսում էր Դուրյանի կեղծանունների մասին։ Դրա աղբյուրը գրողի 1871-ի ‹դեկտեմբերի 10-ի› նամակի հապավված հատվածն է, որին կանդրադառնանք իր տեղում։ Իսկ առայժմ նկատենք, որ էքսերճյանի հայտնած տեղեկությունը արժանահավատ է, քանի որ կեղծանուններով հոդվածներ տպագրելու փաստը հիշյալ նամակում վկայում է ինքը՝ Դուրյանը։ Չմոռանանք նաև, որ 90-ական թվականներին ողջ էր Ա. Լուսինյանը, որին շատ լավ հայտնի էին Դուրյանի կեղծանունները և որի օգնությանը նույնպես դիմել էր էքսերճյանը։ Սակայն հարկ է նկատել, որ գրողը ո՜չ 1869-ին, ո՜չ էլ 1870-ին «Արմենակ» և «Նորայր» կեղծանուններով հոդվածներ չի հրատարակել, ինչպես կարծում էր իր կենսագիրը: Ավելին, նա 1870-ի «Օրագիր»-ում առհասարակ որևէ հոդված չի տպագրել։ Մյուս կողմից 1871-ի «Օրագիր»֊ում «Արմենակ» ստորագրությամբ բոլոր հոդվածները չէ, որ պատկանում են Պ. Դուրյանի գրչին։ «Արմենակ Լ.» կամ «Արմենակ» ստորագրությամբ «Օրագիր» թերթում տպագրված են քաղագրական բնույթի մի քանի նյութեր («Պատմություն», «Տեսություն հին ազգաց տիեզերական պատմության վրա», «Հակիրճ բացատրություն քրմաց մեկ քանի գործերուն»), որոնց հեղինակը Դուրյանը չէ։ «Արմենակ» և «Նորայր» կեղծանուններից նա օգտվել է բացառապես 1871-ի հուլիսին Կ. Փանոսյանի դեմ ունեցած վեճերի ժամանակ։ էքսերճյանը ոչ մի հոդված չհրատարակեց, սակայն այդպիսիք ունեցել է իր ձեռքի տակ, քանի որ «Ընդարձակ կենսագրություն...»֊ում նա ուղղակի ասում է, որ իր աշխատության համար աղբյուր են ծառայել նաև Դուրյանի հոդվածները (էջ 13), որոնցից և այլևայլ առիթներով քանիցս մեջբերումներ է կատարում։ Նա ընդօրինակել է Դուրյանի հոդվածները մի առանձին տետրում, որ, ինչպես արդեն ասել ենք, անցել է Վ. Ս. Ծովակին։ Այդ տետրում Խ. Ամիրյանի վկայությամբ եղել են գրողի «հրապարակագրական տեսություններեն ոմանք, որոնք հրատարակված են «Օրագիր»-ի մեջ» («Լուսաղբյուր», 1953, թիվ 14, էջ 53): «Կարդացած եմ վերը հիշված տետրակին մեջ իր հրապարակագրական հոդվածներեն 9 ընդօրինակություն» գրում է Խ. Ամիրյանը և ապա համառոտակի շարադրում դրանց բովանդակությունը: «Անոնց մեջ,— շարունակում է նա,— ան (Դուրյանը— Ա. Շ.) կը խոսի