Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է 1861-ին և որոշ ընդմիջումներով գործել մինչև 1867-ը։ «Հանկարծական արկած» արտահայտությունը ակնարկում է դերասան Ստեփան Էքշյանի ցուցադրական ելույթը թատրոնի ղեկավարության դեմ։

4) ...երբեմն երբեմն այլևայլ անուններով թատերական խումբեր և վարչություններ տեսնվեցան...— Արևելյան թատրոնի փակումից հետո, ըստ բանասեր Գ. Ստեփանյանի, գործում էին «Հայ դերասանական ընկերություն» -, «Ասիական ընկերություն» և «Նորակազմ ընկերություն» թատերախմբերը («Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության», հ. առաջին, Երևան, 1962, էջ 310)։

5) ԱԼԳԱԶԱՐԻ փոխվելու դժբախտությանը արժանացավ... ԱԼԳԱԶԱՐԻ (արաբերեն՝ պալատ)— Արևելյան թատրոնի անվանումներից մեկը։ Հակոբ Պարոնյանը գրել է. «Նախ Արևելյան թատրոն, ետքը Թատրոն ձիերու, քիչ մը ետքը Գալիական թատրոն, քանի մը տարի ետքը Ալքազար կոչվելով տասը տարվա մեջ չորս անուն փոխեց Գեր. Խորեն Գալֆայանի պես» («Երկերի ժողովածու տասը հատորով», հ. երկրորդ, Երևան, 1964, էջ 99)։

6) Մեկը, մեկը կար միայն...— Այստեղ և հետագայում խոսքը Հակոբ Վարդովյանի մասին է։

7) ...գրեթե կես-Հայ թատրոն մը ունինք այսօր Օսմանիե անվամբ...— «թատրոն օսմանիե»-ն գործել սկսեց 1868-ի վերջերին Կետիկ Փաշա թաղում, Հ. Վարդովյանի տնօրինությամբ։

3. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

(էջ 119)

Առաջին անգամ տպագրվել է «Օրագիր Կ. Պոլսո» թերթում (1871, 24 մայիս, թիվ 451), ստորագրությունը՝ «Պ. Դուրյան»։ Երկրորդ անգամ հրատարակել ենք մենք «Հայրենիքի ձայն» թերթում (1969, № 19)։

Տպագրվում է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

1) ...այն մարած հրաբուխը¹)— Նկատի ունի քրիստոնեական կրոնը:

2) ...այն կարմիր բլուրը, ուր լուսեղեն դիակ մը վառեցավ2)... «Կարմիր բլուրը» Գողգոթան է, «լուսեղեն դիակը»՝ խաչված Հիսուսը:

3) «Սիրեցեք զ՚միմյանս»— Տե՛ս համանուն խորագրով Դուրյանի բանաստեղծության ծանոթագրությունը։