Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրան Արփիարյանը «Դուրյանի ձեռագիրը» հոդվածում պատմում է, որ բանաստեղծը Եվգինե տուտուի մոտ հանդիպելով մի գեղեցիկ օրիորդի, «համակրանոք կողջունվի օրիորդին կողմե, բայց վարանոտ, գրեթե երկչոտ խոսակցություն մը կունենա, պատրանք չազդեր, բայց իր անվան հմայքին չի հավասարիր։ Այս հանդիպումեն քանի մը շաբաթ ետք Եվգինեա տուտուն այցելության կերթա օրիորդին, ու գրպանեն կը հանե իրեն ուղղյալ մտերմական նամակ մը, որուն մեջ բանաստեղծին գրիչը իր գերագույն բարձրության կը հասներ։ Դուրյան, հիվանդ պառկած, անկողնույն մեջեն գրած էր զայն, իր սքանչացումը ու համակիր տպավորությունը հայտնելու համար անոր նկատմամբ, որուն առջև լեզուն կարկամած էր»։ Այնուհետև հոդվածագիրը հայտնում է, որ թեև ինքը որոնել է այդ «գեղեցկագույն էջը», բայց արդյունքի չի հասել. «Եվգինեա տուտուն նորեն գրպանելով, տարած էր զայն» («Արևելք», 1892, թիվ 2544)։

Ա. Չոպանյանին գրած 1891-ի օգոստոսի 30-ի նամակում Ե. Դուրյանը ենթադրում է, որ Պետրոս Դուրյանը և Վարդան Լութֆյանը միմյանց նամակ չեն գրել «վասնգի միշտ իրարմե անբաժան էին», իսկ Սարգիս Ֆինճաճյանը հայտնել է․ «Պ. Լութֆյան, որ մեռնելե առաջ Եգիպտոս գնաց կարծեմ, ունեցավ թղթակցություններ Պ․ Դուրյանե. այս կետ կրնաք լուսաբանել Սկյուտար Լութֆյան ընտանիքե» (ԲԵՀ, 1967, № lf էջ 169, № 2, էջ 154)։ Ինչպես երևում է՝ Ա. Չոպանյանն այս հակասական տեղեկությունները ստուգել է և որոշակի պնդել. «Ամեն թղթատարով երկու բարեկամները կգրեին իրարու... Դժբախտություն մըն է, որ այդ բոլոր նամակները հրդեհի մեջ կորած են» («Դուրյանի կյանքը...» էջ 60)։ Ըստ երևույթին, հենվելով գրողի եղբոր բանավոր տեղեկության վրա, Ա․ Չոպանյանը նաև հաղորդում է. «Եղիշե վարդապետ Դուրյան կհիշե նամակ մը, որուն մեջ Պետրոս իրենց տան դրացի քանի մը աղջիկներու վրա սիրուն զվարճաբանություններ ըրած է։ Տիգրան Ադամյան ալ ունի Դուրյանի մեկ նամակը, որ մեջտեղեն երկուքի ծալլելով, կեսը ուրիշ իմաստ կուտա, խեղկատակ ու ծիծաղաշարժ իմաստ մը» (նույն տեղում, էջ 42)։ Հիշենք նաև, որ Վ. Ս. Ծովակին անցած Բ. էքսերճյանի ընդօրինակությունների տետրում Խ. Ամիրյանը հանդիպել է մի «անտիպ նամակի», որ «մեծ շահեկանություն չի ներկայացներ» («Լուսաղբյուր», 1953, թիվ 14, էջ 55)։ Ի դեպ, Խ. Ամիրյանը մեզ հայտնեց, որ հիշյալ տետրում եղել է երեք չհրատարակված նամակ։ Հնարավոր է, որ դրանցից 2-ը 1893-ի