Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովածուից հետո լույս տեսածներն են, (որոնց անծանոթ է Խ. Ամիրյանը), բայց մեկը մնում է անտիպ։

Այս ամենը ցույց Է տալիս, որ Դուրյանի նամականին կարող էր իրոք բավականաչափ հարուստ լինել։ Բայց դրանց ճակատագիրը, ցավոք, անհայտ է։

Մի քանի խոսք մինչև այժմ տպագրված նամակների մասին։

Բ. էքսերճյանը հրատարակելով այդ նամակները, տվել է հետնյալ ծանոթությունը. «Սույն նամակներն որ ուղղված են Խորեն Ս. Արքեպիսկոպոս Նար-Պեյի, Մատթեոս Ս. Արքեպիսկոպոս Իզմիրյանի, Հովհ. էֆ. Ճանֆեսճյանի, Տիգրան էֆ. Ադամյանի, մեծ մասամբ յաշակերտությանս ի ճեմարան վարժարանի ընդօրինակած և պահած էի խնամոք, զորս կորսնցնելու երկյուղես տվի ի հրատարակություն «Արևելք» լրագրի 1889 մայիս 13 ավար և 1892 տարվո թերթից մեջ» (ՏԹՆԴ, Էջ 222)։

Դուրյանի նամակներից, այն տեսքով, ինչպես տպագրվել են «Արևելք»-ում կամ 1893-ի ժողովածուում, անհնար Է հասկանալ, թե ո՞ւմն են ուղղված։ Այս հանգամանքը նկատել Է նաև Սիմեոն Հակոբյանը. «Տարաբախտաբար նամակների վերնագիրները պակաս են և ստույգ չէ, թե այդ նամակները որո՞նց են գրված» («Պետրոս Դուրյան, նրա կյանքն ու երկերը Վիեննա, 1922, էջ 84)։ Սակայն կռահել այսուամենայնիվ կարելի է։ Դրան օգնում են էքսերճյանի «Ընդարձակ կենսագրություն...»-ը և Ա. Չոպանյանի ուսումնասիրությունը, որոնց մեջ տարբեր առիթներով մեջբերումներ են կատարված Դուրյանի նամակներից՝ նշելով հասցե ստիրոջը։ Հենց այսպես էլ վարվել է Մ. Ճանաշյանը և մեծ մասամբ կարողացել է պարզել, թե ովքեր են հասցեատերերը։

Կա ավելի էական թերություն։ էքսերճյանի տպագրած տեքստերը հարազատորեն չեն վերարտադրում հեղինակային բնագրերը:

Այդպիսի պնդումը հաստատող ի՞նչ փաստեր կան։

«Արևելք»-ում հրատարակված և ապա 1893-ի ժողովածուում զետեղված նամակների համեմատությունները ցույց են տալիս, որ գրեթե միշտ էլ առկա են տեքստային տարբերություններ։ Ավելին. «Ընդարձակ կենսագրություն․..»-ում կատարված մեջբերումները ևս լեզվաոճական տեսակետից չեն համապատասխանում իր իսկ էքսերճյանի հրատարակած տեքստերին։ Բերենք բազմաթիվ օրինակներից մեկը.