Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալ չը դրժեր... Այո՛, քիչ վարձք խոստացա, այլ ավելի արժան համարեցի երկաթե շղթաներով վարձատրել մատնությունդ` ապահով ըլլալով, որ բոլոր աշխարհ այս դատապարտության իրավունք պիտի տա։

ԶԱՐՄԱԶԱՆ.— Այո՛ և մինչև անգամ մահու արժանի է այն, որ իր շահուն իր եղբայրքը կը մատնե վատաբար։

ՎԱՉԵ.— Այդպես չէ՛, քաջ զորապետ, լավ գիտեի, որ մեծն Լանկթիմուր պիտի կործանե Սեբաստիան, ես ալ փոխանակ զուր տեղը իր սրույն ճարակ ըլլալու, նախամեծար համարեցի փութացնել կործանումն և ասով ազատել կյանքս։

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.— Ուրեմն, վա՜յ քեզի, որ կյանքդ հայրենիքեդ ավելի կը սիրես... Ի՞նչ ես դու աշխարհիս վրա. հրեշ մը, որուն սրտին խորերը մարեր է հայրենասիրության կայծը... Նախատինք քեզի, որ սուր կը կրես ձեռքիդ մեջ և չես ուզեր զայն ի սեր հայրենյաց շարժել... Ուրեմն ի՞նչպես հանգիստ պիտի ըլլայիր դու, երբ վարձատրեի զքեզ, մինչդեռ բոլորտիքդ բյուրավոր արենակցացդ դիակները դիզվեր են... Ի՞նչպես քու կյանքդ չի պիտի խռովեր եղբարցդ հեծեծանքներեն և առ քեզ ուղղած անեծքներեն, մինչդեռ դու անոնց կորուստը պաաճառեցիր վատաբար.— ա՜հ, այսչափ ազգեր նվաճեցի ես և չը տեսա Հայեն ուրիշ ազգ մը, որուն մեջ գտնվին ուրացող մատնիչներ... Դուք շուտ կը կործանիք Հայեր, մինչդեռ այսպես անմիաբան եք։

ՎԱՉԵ.— Ո՜վ մեծդ ինքնակալ, եթե մատնեցի հայրենիքս` քու փառքդ ավելցուցի, քու վրեժխնդրությունդ հագեցուցի... Ուրեմն ինչպե՞ս արժան կը համարիս նախատանոք