Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՉԵ.– Երանյակ… կը զայրացնես զիս, պիտի լռե՞ս, ապա թե ոչ…


ԵՐԱՆՅԱԿ.– Չէ՛, չե՛մ վախնար քու սպառնալիքեդ և կը կրկնեմ դարձյալ. նախատի՜նք և անե՜ծք քեզի։

ՎԱՉԵ.– Ա՜հ, ալ չեմ կրնար կնոջ մը նախատանացն հանդուրժել (շղթաներով կնոջը վրա կը հարձակի կատաղաբար.— հանկարծ երկնքեն կայծակ մը սրանալով վրան՝ թավալգլոր կզգետնե զայն) երկնային վրեժխնդրությո՜ւն…

ԵՐԱՆՅԱԿ.– (սարսափած) Աստվա՜ծ իմ… Չըլլա որ երկինք զիս ալ կայծակնահար ընեն մատնիչի մը կինն ըլլալուս… փախչի՜մ… (դողով կը հեռանա.— պատկերը փոխվելով դժոխք կը ներկայանա, ուսկից սև ոգիներ կելնեն և Վաչեի դիակը ի դժոխս կը քաշկռտեն.— պատկերը դարձյալ կիջնե):

Տեսիլ Գ

ՎԱՂԵՆԱԿ (վիրավոր)

Հայաստա՜ն… քաղցր հայրենիք… Իմ արյունս ալ ընդունե քու անձկալի գիրկդ… Որչափ սիրելի է ինձ այս մահը, երբ կզգամ, որ հայրենյացս հողերը կը ծծեն արյունս և դարձյալ հայրենյացս հողերը պիտի ծածկեն ոսկերքս… Արդյոք գերեզմանիս խորերը պիտի թափանցե՝ երբեք հուսալից ձայն մը. «Ցնծացե՜ք, տխուր ոսկերք Վաղենակա, Հայոց ազատության արշալույսը ծագեցավ…»։ Արդյոք դարձյալ պիտի վերականգնի՞ս, Հայաստան, եթե ոչ մահաբեր է վերքդ… Սոսկալի կասկած…