Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնչող քնարը թո՛ղ փշրի, սեր տածող սիրտը թո՛ղ խորտակի... Անմիությո՜ւնն եմ ես... Սարսեցե՛ք անունես, շիրիմի՜ք դյուցազանց... Դողա՛ և սոսկա՛ ինձնե դու ալ, Հայաստա՛ն, վասնզի ալ իմ գերիս ես... Եվ դու ալ, Սեր, պարտությանդ վրա ամոթահար` հեռացիր Հայաստանեն. թո՛ղ որ ես ալ տիրեմ Հայաստանի... Խե՜ղճ Հայեր չը գիտեի՞ք միթե, որ իմ գահս է գերեզման և թագավորական գավազանս է սուր, և հիմա զղջալով կը հեծեք։

Սեր — Ոգի՜դ Անմիության, այո՛, հաղթեցիր ինձ վատ մատնիշներու զենքերովը, որոնք եղբարց, որգվոց, ծնողաց և նաև իրենք գլուխը Թշվառության տապարին մատուցին... Ո՜վ ողբալի ժողովուրդ, արդյոք ե՞րբ պիտի արթննաս և պիտի գիտնաս, թե քու երջանկությունդ, կյանքդ, արեգ սերն Է միայն։

ՀԱՅԱՍՏԱՆ— Նախատի՜նք... Այս Է ահա Հայաստանի ապագայն... ո՜վ երկինք, դուք գոնե գթության կաթիլ մը ցողեցեք թշվառ ճակտիս վրա, դուք գոնե հուսո նշույլ մը սփռեցեք խավար հորիզոնիս վրա։

ԹՇՎԱՌՈՒԹՅՈԻՆ.— Դեռ կը հուսա՞ս, Հայաստան։

ԱՆՄԻՈՒԹՅՈԻՆ.— Կը մթագնի հորիզոնդ։

Սեր.— Մի՛ խրոխտար այդպես, Ոգիդ Անմիության, անշուշտ դեռ չէ մարած բոլորովին սիրո կայծը Հայոց սրտերուն մեջ. պիտի դա անշուշտ ժամանակ մը, որ երբ տգիտության մռայլը խուսափի, Հայաստան իր թմրած գլուխը բարձրացնելով պիտի սթափի և սպառնալից նայվածքով մը զքեզ դժոխոց ծոցը պիտի գլորե, և դարձլալ ես կը գրկեմ ու գգվեմ այն ատեն տառապյալ Հայերը, և իմ մազերովս կը պատեմ իրենց վերքերը։