ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ.— Սեր, կը տեսնե՞ս այս տապարը. գիտցիր որ խիստ սոսկալի Է այն, որ իր ձեռքը տապար և անմիությունն ունի...
ԱՆՄԻՈՒԹՅՈՒՆ.— Եվ նաև անկարելի Է մեռյալը գերեզմանին մեջ կենդանացնել... Սեր, ալ բավակա՛ն Է, հեռացի՛ր Հայաստանեն ամոթահար, անցիր զարհուրած նույն արտասվալից դաշտերեն, կարդա՛ Մասիսի ճակատը դրոշմված սա արենագիծ տառերը. «Հայաստան պիտի ջնջվի», ե՛լ հետո անոր գագաթը և պիտի տեսնես, որ սեր ու հաղթանակ նվագող մուսայիդ մատունքն իրենց սառած աչքերեն կաթած արցունքովը կը հնչեն ոսկի քնարներուն թելերը, և գոռոզն Մասիս իր դեմքը ամպերուն ետև ծածկած կը հառաչե... հետո անցիր Հայաստանի կործանյալ պարիսպներեն... ակնարկ մը ձգե ետևդ և պիտի տեսնես ավերակ, լուռ ու տխուր երկիր մը և նույնպես սև ու անարև երկինք մը և երկուքին մեջտեղը Անմիության ստվերը խրոխտապանծ կանգնած...
Սեր.— Սթափեցե՛ք, թշվառ Հայեր, գրկեցե՛ք զիս, և դարձյալ ես կը վերականգնեմ ձեր ավերակ երկիրը... Մնաս բարյա՜վ Հայաստան... (տխուր ու համրաքայլ կը հեռանա, առջի պես խավար):
ՀԱՅԱՍՏԱՆ.— Ա՜հ, այս ի՜նչ մահաբույր խավար պատեց... Հեռացար ինձնե քաղցրիկ Սեր, զիս մինակ թողուցիր այս ճիվաղներուն քով, որոնց ծոցեն մահ կը բուրե և որոնց բերնեն դժոխք կը ժայթքե, դարձի՛ր, դարձի՛ր, տառապյալ Հայաստանի գիրկը... Հայե՛ր...
ԹՇՎԱՌՈՒԹՅՈԻՆ.— Ա՛լ մի հուսար, Հայաստան։
ՀԱՅԱՍՏԱՆ.— (ձեռքերը գլխուն զարնելով) Ավա՜ղ...