և բոլոր տիեզերաց թագավոր կոչվելու կերթա, թող իր փառքը ցոլա նաև Արևմտյան հորիզոնին վրա և ազգերու փառաց վերջալույսն հանդիսանա. թագերու ներքև խրոխտ ճակատները դժգունին ու խոնարհին, լա՛ն փառք երազող բռնավորները. Ասիո խորերեն՝ Այրարատա դաշտեն մրրիկը կը մռնչե. «Թագակիրներ արյան ծովերե և արտասվաց գետերն անցնելով՝ թող գան շղթայակապ խոնարհին Արտաշեսի առջև և դողդոջուն ձեռքով դափնիներ բոլորեն իր ճակտին»... Կը կարծե՞ք որ կերազե Արտաշես, ա՜հ, բավական երազեցի օրրանիս մեջ, հորս գիրկը, զինուց աղմուկին մեջ, որսի ճերմակ երիվարիս վրա... Մանկութեանս ատեն գահ մը կը պակսեր, ահա այն գահին վրա կը գտնեմ ինքզինքս և անոնք որ երազ էին, հիմա կապույտ քողի մը ետևեն ինձ կը ժպտին... Ագռավը արծիվ չեղավ, այլ արծվի ձագին թևերուն փետուրները հղկվեցան, թռչելու ժամանակն է, կուզե՞ք որ թռչի...
ՄԻՀՐԴԱՏ.– Տեր արքա, քանի որ Արտաշես աշխարհի իշխե՝ նախարարներն ալ մեյ մեկ թագավորներ կը համարվին։
ԱՐՏԱՇԵՍ.– Կը հասկնամ, քաջ բդեշխ, և Միհրդատ ալ Պոնտոսի իշխանը կըլլա։
ՄԻՀՐԴԱՏ.– Կընդունիմ, վեհափառ տեր, արքայական այդ մեծ շնորհքը, Պոնտոսի իշխանը ու Արտաշեսի հպատակն եմ։
ԱՐՏԱՇԵՍ.– Երդվի՛ր որ Հայոց արքային միշտ հնազանդ և օգնական պիտի գտնվիս։
ՄԻՀՐԴԱՏ.– Կերդնում յերկինս, Աստվածոց և սրույս վրա։