Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանք մը կը վարեի... Ալ զզվեցա պատերազմիկ գերի ըլլալե․ զա՛րկ, որ թագավորդ պարծի, մեռի՛ր, որ թագավորդ ապրի։


ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Եվ մորդ համար թագավորդ կը զոհեիր։

ԱՐՇԵԶ.— Բայց ի՜նչ հարարերություն ունիս դուն թագավորին հետ, դուն գեղջկուհվո մը կը նմանիս... Պալատը նոր կը տեսնես։
ՈՐՄԶԴՈՒԽՏ— Այս պալատը նոր կը տեսնեմ, բայց Արտաշեսը առջևս ծունր եկած պաղատալից տեսեր եմ... Ի՞նչ, միթե դեռ գեղեցիկ չե՞մ։ Արտաշես երբեմն գերիս էր, մի՛ զարմանար, պիտի ճանչնաս զիս։
ԱՐՇԵԶ․— Չեմ կարծեր որ հիմար եղած ըլլաս։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ես ալ զքեզ քիչ մը հառաջ հիմար կարծեցի, վրեժխնդիր մը հիմարի մը պես կը խորհի ու կը խոսի, բայց հիմարի մը պես ուժգին է հարվածը, զիս կը ծաղրես, բայց ես ալ զքեզ պիտի ծաղրեմ, երբ սուրը ձեռքիդ մեջ դողդոջե... Արտաշես իր աղջիկը քեզմե խլեց և ուրիշ աղջիկ մ՚ալ աշխարհքեն... Երկուքնիս ալ վրեժխնդիր ենք... Տո՛ւր ձեռքդ։
ԱՐՇԵԶ.— Չեմ ճանչնար զքեզ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ուրեմն մտիկ ըրե... Արտաշես դեռ թագավոր չեղած օր մը որսի ելած ատենը գեղանի Պարսիկ աղջիկ մը կը տեսնե, որ իր տնակին առջև կաղոթեր. Արտաշես վայրկյան մը կը կենա և զայն զմայլած կը դիտե և աղջիկը տնակը փախած ատենը` մտրակելով ձին սրարշավ կանցնի կերթա. հետևյալ օրը մինակ որսի ելած ատենը նույնպես աղջիկը տնակին առջև կը գտնե և ձեռքի մատանին անոր կը նետե․ աղջիկն աղքատ`