Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուռն եռանդով մը կը հնչեցներ, որ լարերը խորտակեցան, լռեցին այն անծանոթ մրմունջներն ալ և խոր լռություն մը տիրեց, ակամա դողացի՜... Դառն ծիծաղ մը այս լռությունը խանգարեց և զիս սարսռեցուց. դարձա այն կողմը, տեսա որ հաղթահասակ ռազմը գետին դիմացի եզերքը արձանացած` հեգնական ժպիտով մը զիս կը դիտեր... Վրաս ծիծաղողն այն էր... Զայրույթես աչքերես բոց կը ցայտեին... «Ճանչցա՞ր զիս,—ըսավ այն մարդը,— ես Արտաշեսն եմ»... Այս անունը լսելուս` սուրս քաշեցի... Նա ալ ակնթարթի մեջ սուրը քաշեց, գետին ասդիի կողմը ցաթքեց... Սուրերնիս շառաչեցին... Բավական ժամանակ տևեց... Ուժս սպառեցավ... Հարվածն ընդուներ էի... Հոգեսպառ գետը ինկա... Նա հաղթական նայվածք մը ձգեց վրաս... «Լյուդիա, դու իմս ես»,— ըսավ և սրացավ... Հետո աղեկտուր հեծեծանքներ լսեցի... գետին մեջեն հյուծյալ աչքերով վերջը Սողոնը տեսա, որ զիս կողբար... Աչքերս գոցեցի, հավիտենական կոհակ մը վրաս թավալեցավ... և զգացի, որ գետին հոսանքը զիս քշեց տարավ...

ԿԱՄԱԴՐՈՍ.— Բայց մի՛ հուսահատիր, տեր արքա... Զոհ մատուցվին Աստվածոց։

ԿՐՅՈՒՍՈՍ.— Ո՜հ, բոլորովին միտքս կաշկանդվեր է... Զիս ուշաբերեցիր, Կամադրոս... Այո՛ ողջակե՜զ... Փոխանակ Լյուդիա զոհ ըլլալու, Աստվածները գթած են... Ո՞վ կա հոդ... Պալատակա՜նք... (պալատական մը ներս կը մտնե) գնա՛ շուտ մեհյանը և ըսե՛ քրմապետին, որ հիմա անթիվ ողջակեզ մատուցանե Աստվածոց իրենց հաշտությունը հայցելու համար և թող քարոզե համայն