Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔՐՄԱՊԵՏ.— Կը գթամ քեզ, ո՜վ դեսպան, որ Արևելքեն կը խլրտիս հոս անխոհեմությամբ Կրյուսոսի դեմ գուցե պատերազմ հռչակելու, որուն հետ դեռ հիմա Աստվածները հաշտվեցան։

ԽՈՍՐՈՎ.— Լավ կընես, քրմապետ, եթե երթաս Աստվածոցդ օգնությունը հայցելու, որ սին հուսով մը գոտեպնդեն Կրյուսոս և իր բանակը։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Բա՛վ Է... բա՛վ խրոխտացիր, հանդուգն, և հիմա ալ մեր Աստվածները կը նախատես... Հիմա հուր կը պոռթկա գլխուդ։
ՔՐՄԱՊԵՏ.— Երկայնամիտ են դիք, տեր արքա։
ԿԱՄԱԴՐՈՍ.— (մեկուսի) Կրյուսոսի դողր սկսավ... Երազը իրականության կը կերպարանափոխի։
ԽՈՍՐՈՎ.— Ուրեմն վերջ տանք այս անօգուտ բարբաջանաց, և լսեցեք աշխարհակալ Արտաշեսի հզոր պատգամը։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Կը հրամայեմ քեզ, ո՜վ դեսպան, որ Այրարատյան բարձրերեն չորոտաս. դիմացդ որ կտեսնես` Կրյուսոսն Է... գուցե համբերությունը սպառելով կրակ թափե գլխուդ։
ԽՈՍՐՈՎ.— Եվ դու, արքա, օվկիանոսի կոհակաց տակեն մի՛ մռնչեր, դուրս հանե՛ գլուխդ և տես մեկ մը քու հակառակորդդ... Օ՜ն, վերջացնենք, պետք Է որ հիմա զենք և թագ, գանձ և երկիր թափին Արտաշեսի լիազոր դեսպանին առջև... Ո՜վ Կրյուսոս, եթե գոնե անշուք կյանքը կր սիրես... խոնարհե... իսկ եթե կը համառիս` մեռի՛ք, մեռի՛ք... ամենքնիդ ալ... Թե որ կը խնայես ժողովրդյանդ` անձնատուր և հպատակ ըրե զանոնք մեծին Արտաշեսի և անոր փառացը ծափահար։