Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ.— Դու որ այդպես հանդուգն կը խոսիս` կամ խելագար մ՚ես և կամ չես գիտեր որո՛ւ դեմ ըլլալդ։

ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Անշուշտ... վասնզի դուն ալ զիս չես ճանչնար։
ԱՐՏԱՇԵՍ.— Ես ոչ քեզի պես կնոջ մը հետ պատերազմ ըրած և ոչ ալ երբեք ճանչցած ունիմ... Ես Արտաշեսն եմ...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Երիտասարդության վրա խոսինք, Արտաշես, (Արտաշես կը սարսռի) կը տեսնես, որ առջի պես գեղեցիկ չեմ... Երբ բնության գեղեցիկ ավանդ մը խորշոմներու և ալեխառն մազերու տակ կը նվաղի... սերը դեպ յանմեղություն և փառքը դեպ յարյունհեղություն կը քալե... Արյան մեջ ձայն մը կա, դու որ սիրույդ մեջ սխալեցար` փառքիդ մեջ պիտի տուժես... ճանչցա՞ր զիս հիմա...
ԱՐՏԱՇԵՍ.— (մեկուսի) Կը ճանչնամ... (բարձրեն) երբե՛ք...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ա՜... Չե՜ս ճանչնար։
ԱՐՏԱՇԵՍ.— Բայց պիտի ըսե՞ս վերջապես, ի՞նչ կուզես ինձմե։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Թագուհի ըլլալ կուզեմ։
ԱՐՏԱՇԵՍ.— Ա՜հ, բոլորովին հաստատեցիր, թե խենթ ես:
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Դարձյա՜լ խենթ։
ԱՐՏԱՇԵՍ.— Միայն շղթա մը չեն կապեր պարանոցդ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Կը տեսնեմ, որ թագը շղթայով փոխանակել կուզես։
ԱՐՏԱՇԵՍ.— Միշտ թա՜գ... Թագը դատարկ ձեռքով չստացվիր, թագը հզոր սուրի ծայրն է, հիմար կին։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Երբեմն ալ համբույրի մը կամ լեզվի մը ծայրն էր... կը տեսնեմ, որ սիրտդ լայն է Արտաշես,