Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՐՅՈՒՍՈՍ.— Պատասխան տվեք, երկի՛նք և երկի՛ր, Արտաշես մեռնելո՞ւ կուգա։

ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Իր դահիճը պատրաստ է սուր ի ձեռին։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Իր գերեզմանը` ամեհի կոհակ մը։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ձայն տվեք, Աստվածնե՛ր, Արտաշես հաղթելո՞ւ կուգա։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Արդեն հաղթության պատգամ որոտացին Աստվածները, տեր։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ճշմարիտ է, Կամադրո՛ս... Օ՛ն, կը մոտենա թշնամին, միշտ կը քալե դեպ ի մեզ, շողա՛ն սուրերը, չը դեղնեն ճակատները, չը դողդոջեն թևերը... Զորակա՛նք, հարված և հաղթանակ... Վախը ձեր վատ դահիճն է, ի բաց վանեցե՛ք սրտի ծալքերեն... Հույսը ձեր երկրորդ կյանքն է... կը պարզեն ահա թշնամիք իրենց դրոշակները, պարզենք մենք ալ մեր ճակատն ու սրտերը։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Զինվորական կինը չը դողար, իսկ դո՞ւք, արի՛ Լյուդացիք։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Երբե՜ք:
ԿՐՅՈՒՍՈՍ.— Տեսե՜ք... Հոն թշնամին, հոս մենք. երկու գնդի մեջ` երկու ազգաց փառազարդ ստվերները կը մենամարտին, գերեզման և անմահություն... չը տապալի անմահությունը... Ով որ կը սիրե զայն` թող մեռնի հայրենյաց բաբախուն ծոցը... Լյուդացիք, այսօր չը հաղթվինք Հայեն, վաղը՝ մեռնինք։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Արտաշեսի գերեզմանին առկայծյալ ջահերուն հետ թավալիլ... կը սիրեմ...