Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գահերուն աճյունին ներքև կը թաղե... բայց ինչո՞ւ կուշանա Կրյուսոս` ալ շղթայակապ իր նախնյաց ստվերներուն առջև ծնրադրելու դահճին տապարին տակ:

ԽՈՍՐՈՎ.— Տեր արքա, Կրյուսոս խնդրեց, որ զինքը մեհյանը տանին վայրկյան մը աղոթելու կամ գուցե իր անցելույն վրա գաղտնի արտասվելու համար... Այն թևերը որ վարժված են գեղեցիկ և վսեմ առարկաներ գրկելու՝ հիմա երկաթե շղթաներ կը կրեն, այն գլուխը որ միայն փառաց ու ծաղկանց մեջ կը հանգչեր` քիչ ատենեն անարգ երկաթի մը հարվածը պիտի զգա, վերջապես այն որ կյանք ու մահ կը հրամայեր` արդ ստրուկ պիտի մեռնի... Միթե չողբա՞ տեր արքա, միթե չարտասվե՞։
ԱՐՏԱՇԵՍ.— Թո՛ղ լա... Փառաց մեջ նշույլ և արցունք միանգամայն կը շողշողան... Ես փառասեր չեմ, այլ փառասերները կը ջախջախեմ... Այս սուրը թագերե փառքը չը քամեր, այլ Հայաստանի ազատ ապագայն կը քաղե... Քաջդ Վրույր, այս հաղթությունը քայլ մ՚էր դեպի տիեզերք. Հայաստանի պիտի դարձնեմ բոլոր աշխարհ։
ՎՐՈՒՅՐ.— Եվ Հայաստան ալ իր փառքը քու քայլերուդ և գերեզմանիդ մեջ պիտի ամփոփե, ո՜վ թագավորաց վեհագույնը... Հայաստան իր անտառներուն մեջ չունի քու հաղթությանցդ հավասարելու չափ դափնի, Հայաստանի երկինք չունի քու փառքդ վարձատրելսւ չափ աստղ, այլ Արտաշես՝ փառաց մեջ և փառք՝ Արտաշեսի մեջ։
ԱՐՏԱՇԵՍ.— Արշեզը հիշեցուցիր ինձ, Վրույր, նա ալ այսպես կը խոսեր հաղթութենե վերջը... Բայց կը զարմանամ, թե ի՜նչպես հանկարծ աներևույթ եղավ իմ քաջ զինակիրս։