Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շունչդ առավոտյան զեփյուռին չափ հեշտալի է... ո՛հ, եթե դու չըլլայիր, փուշերով ծածկված վարդի կոկոն մը պիտի ըլլայի ես և դեռ չի բացված պիտի թառամեի։

ՇՈՒՇԱՆ.— Գիտցավ Արարիչը, որ մենք առանց իրարու չի պիտիլ կարենայինք ապրիլ, ուստի իրարու գիրկ նետեց զմեզ, և հիմա սեր կը շնչենք միատեղ։ Այնպես չէ՞, Վարդ, միշտ պիտի իրենք զիրար, ինչպես որ ծաղիկն ու զեփյուռը միշտ զիրար կը սիրեն... ո՜հ, տես ի՛նչպես ուժգին կը բաբախե սիրտս. կարծես թե կուրծքս ծակելով՝ քու սրտիդ քով թռչիլ կուզե. մոտեցի՛ր ինձ, սիրելիդ իմ Վարդ, միշտ գրկե՝ զիս... տես, լուսինը ի՞նչպես կը ժպտի մեզի, կարծես թե նա ալ աստեղազարդ կամարեն մեր գիրկը թռչիլ կուզե, նա ալ զմեզ կը սիրե, մեր վրա կը հսկե, մենք ո՞ւր երթանք, ինքն ալ մեզի կը հետևի... Ո՜վ լուսնակ, միայն կենդանի եղած ատեննիս չի պիտի լուսավորես զմեզ, այլ երբ մեռնինք՝ մեր շիրիմներուն վրա ալ պիտի ծագես... (առ Վարդն) և այն ատեն սիրո տեղ արցունք պիտի ցողեն մեր շիրիմներուն վրա... քանի որ մեր երջանկության ատեն կը ժպտի, անշուշտ մեր մահվան ատենն ալ պիտի տխրի. խե՜ղճ լուսին, իր գերեզմանը թուխ ամպ մ’է միայն։
ՎԱՐԴ.— Մի՛ այդ խոսքերը, Շուշան, ինչո՞ւ մեռնինք. ավելի աղեկ չէ՞ որ միշտ այսպես զիրար սիրելով հավիտյան երջանիկ ըլլանք... Միթե չը գիտե՞ս, թե որչափ քաղցր ես դու ինծի համար... դու իմ կյանքս ես, վասնզի այն Ժպիտը, որ դու առաջին անգամ ինձ ուղղեցիր, կենացս արշալույսն եղավ այն։
ՇՈՒՇԱՆ.— Եվ այն բաբախուն սիրտը, զոր դու իմ լանջքիս