Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցս ուրվականները, կը լսե՞ք... Ինչո՞ւ լուռ և անշարժ արձանացեր եք։ Ձեր նայվածքները կարծես թե կենդանի են, իսկ ձեր սուրերը չեն փայլատակեր, գոնե ինկեք, կործանեցեք հափշտակչին գլուխը ջախջախելու... Ձեր ստվերին տակ դահիճ մը կը պահեք, որ այս նվիրական պալատը Լյուդիո վերջին թագավորին արյամբը պիտի ողողե և Լյուդիո հետին շունչը այս կամարներուն և ձեր շուքին տակ հեկեկելով պիտի սպառի։ Ելե՛ք, զե՛նք առեք, ստվե՛րք դյուցազանց, վրե՛ժ ժայթքեցեք անոր դափնեզարդ գլխուն, որ հաղթական քայլերով ձեր դամբանները կը կոխկռտե... Կրակ թափեցե՛ք՝ եթե նայվածք ունիք, մահ սփռեցե՛ք՝ եթե շունչ ունիք, ձայն տվե՛ք՝ եթե ձայն ունիք... Ո՛վ դիք, ո՞ւր են ձեր կայծակները... Ա՜հ, մեկը սուր մը, հույս մը չը բերեր ինձ... Ուրեմն Աստվածք և ստվերք, անիծյա՜լ ըլլաք։


ԱՐՏԱՇԵՍ.– Դեռ սպասե՜ դահիճը. ո՜վ Կրյուսոս... ահա արևը աներևութացավ արդեն, վաղը իր առաջին ճառագայթը գերեզմանիդ վրա պիտի ցողե... Կը դողա՞ս մահվանե։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Արդեն այս շղթաները և այդ ծիծաղները մահեն ավելի սոսկալի են... Թույլ տուր օրհասականին, Արտաշես, որ խոսի... կը մտածեմ, թե դեռ ո՞վ մնաց ատելու և անիծելու համար... Ի՜նչ ընեմ... Պիտի մեռնիմ... պիտի մեռնիմ գերեզմանիս վրա արյունոտ սև շղթա մը, փոխանակ ծաղկանց և ջահերու... Ա՜հ, կզգամ որ մեկը միայն մնաց օրհնելու համար, Աստվածները անշուշտ անոր անմեղ արյան վրեժը լուծեցին... Զքեզ Սող՜ոն, Սողո՜ն, գեղեցիկ խոսեցար...