Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ոչինչ... հայր իմ, այն աղջիկը որ մայր չունի` կուլա միշտ, ինչվան որ մայր...

ԲԱԲԵԼ.— Չեմ հասկնար միտքդ, աղջիկս...
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ըսել կուզեմ թե, հայր իմ, մայրս չը մեռներ:
ԲԱԲԵԼ.— Բայց մեռավ... Եթե առջի երիտասարդ զինվորն ալ ըլլայի` դարձյալ չէի կրնար ջնջել իմ սրովս այն Աստվածային դատակնիքը։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ուրեմն որբ աղջիկը չի լա՞... հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Ճշմարիտ է, աղջիկս... Ալևոր հոր մը գիրկն ունիս միայն, այն ալ գերեզմանի քարի մը պես պաղ է արդեն... Հայրդ իր մեկ ոտքը գերեզմանին սև սեմին վրա դրած` ո՛չ վշտեն անցնիլ կուզե և ոչ ալ աղջիկեն:
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Բայց, հայր իմ...
ԲԱԲԵԼ.— Աղջիկս... դուն գաղտնիք մ՚ունիս, որ ինձնե կը ծածկես... Ժամանակե մը ի վեր է, որ միայնությունը և մթությունը հորդ շուքեն ավելի կը սիրես և հորդ համբույրեն ավելի` հառաչանքեդ կախորժիս... Միշտ ձեռքդ ձեռքիս մեջ` դողդոջ, ճակատդ` դալկահար, սիրտդ միշտ` բեկբեկ... Դուն առաջները վարդե ավելի զվարթ էիր, թիթեռնիկե ավելի աշխույժ և շունչե ավելի թեթև, իսկ հիմա մանիշակի պես կորագլուխ, ձմեռվան աստղի պես տխուր, շուքի պես փախուսիկ կը տեսնեմ զքեզ... Աղջիկս, բա՛ց սիրտդ, ինչպես կը բանա վարդն իր թերթերր առտվան գուրգուրացող ցողին... Խոսե՛... ի՞նչ ունիս։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Զքեզ հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Բայց սրտիդ մեջ։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Զքեզ, հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Աղջիկս (կը գրկե):