Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարի սիրտ, գութ, գորով և անմեղություն ունի... Երանի թե բոլոր օրերը գիշեր ըլլային և ես երկնքի փալփլուն աստղերուն հետ միշտ լայի. կը սիրեմ, այլ կարտասվեմ, երջանիկ եմ, սակայն կուլամ. կուրծիս տակ բոց մը կա, որ անուշ խունկի մը նման սիրտս կը վառե և անոր բույրին մեջեն կը սահին ոսկեթև երազներ, միշտ ամպերու նման կը սահին և արցունք կը սրսկեն... Ո՜հ, Հրաչյա, քու առաջին նայվածքդ կենացս արշալույսն էր, ես անկե առաջ նոճիի ստվեր մը, թշվառի ժպիտ մը, առկայծյալ ջահ մը և անզգա պաճուճապատանք մ'էի հորս գիրկը. դու գթացիր ինծի, շունչ տվիր ինծի, երբ «կը սիրեմ զքեզ» ըսին շրթներդ և աչերդ, երբ ձեռքս քո դողդոջ ձեռացդ մեջ դողաց... Հայրս բան մը չը գիտե, գնաց հանդարտ սրտով... (պատուհանը երթալով) ահա բլրակին գագաթը հասեր է, կարծես թե կեցեր և դեռ հոս կը նայե... կը քալե... աներևութացավ բլրակին ետև... դեռ Հրաչյա չանցնիր... Բայց ո՞վ են այս երկու անձերը, որ ճամբուն վրա կեցած իրարու կը փսփսան և մերթ ընդ մերթ հոս կը նային... Երկուքեն և ոչ մեկը Հրաչյայն է... (տեսարանը գալով) Բայց անշուշտ որսեն դարձած ատենը հոս կըհանդիպի. նա չը խաբեր զիս... հրեշտակի պես անմեղ է... Հրաչյա՜... Անունն ալ ի՞նչ գեղեցիկ... սակայն չեմ համարձակիր զինքը հրեշտակ կոչելու...