Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՄԲԱՏ.— (ցած առ արքայն) Գողգոթան փուշ կը փնտռես, տեր արքա։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— (մեկուսի) Աստված իմ, ազատե՛ զիս այս պժգալի նայվածքներեն։

ԱՐՏԱՇԻՐ.— (ցած, առ Սմբատ) Ապո՛ւշ, կը կարծես որ խաչին ստորոտը հոմանի Մարիամներ չե՞ն գտնվիր:

ՍՄԲԱՏ.— (նույնպես) Բայց բախտը միշտ սուրբ Մարիամներու կը հանդիպեցնե քեզ, տեր արքա:

ԱՐՏԱՇԻՐ.— (նույնպես) Պալատը զայն աղեկ կը մկրտե։

ՍՄԲԱՏ.— Ճշմարիտ է, Արտաշրի պալատն անմեղներու քավարան մ'է ի շնորհս պարտականներու. խե՜ղճ եղնիկներ, հսկա եղջյուրներով ասդին անդին կը տատանին ու կը թափառին իրենց թագավորին համար ծաղիկ որսալու։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— (մեկուսի) Որչա՜փ կը սոսկամ, աստվա՛ծ իմ:

ԱՐՏԱՇԻՐ.— (ցած) է՜հ, ի՞նչ պիտի ընենք, Սմբատ։

ՍՄԲԱՏ.— Ծերունի զինվորեն կը վախնամ, տեր արքա, պետք է զայն կերպով մը բանտ նետել... Հետագա պարագաներն ինծի թող։

ԱՐՏԱՇԻՐ.— Այդ դյուրին է... Բայց շուտ գործադրելու է... վասնզի ես խիստ սիրեցի այս աղջիկը... գուցե ամենեն ավելի։

ՍՄԲԱՏ.— է՛հ, ի՞նչ, սատանան դարձյալ փորդ մտավ... Երթանք և դեռ կը խորհինք, տեր արքա... բավական է որ աչքովնիս տեսանք գեղեցիկ ըլլալը։

ԱՐՏԱՇԻՐ.— Այո՛, երթանք, եթե դեռ հոս կենանք... կը հասկնա՞ս (ոտքի կելնեն):