Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (ամչնալով) Պիտի ներե՞ս դարձյալ, բարեսիրտ հայր...

ՍՈՒՐՄԱԿ.— Անշուշտ, իմ պաշտոնս սիրել և ներել է... Տես, այս Քրիստոսը խաչին վրայեն մարած ձայնով «սիրեցեք զմիմյանս» կը գոչեր. ես ալ ահա այն երկնային ձայնին հետևելով կը սիրեմ քեզի պես խելոք և մատաղ աղջիկները, և ակամա մարդկային սխալանց մեջ ընկղմելու հակամետ ըլլալուդ, ահա ամեն օր քու նորանոր մեղքերդ քավելու համար անընդհատ կայցելեմ զքեզ։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Պահապան հրեշտակս ես, տե՛ր հայր, եթե դու չըլլայիր, արդյոք ի՞նչպես պիտի այրեի դժոխոց անշեջ հրույն մեջ։

ՍՈՒՐՄԱԿ.— Անշուշտ... Տեսնենք, պատմե մեղքերդ...

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Նախ այսօր չի կրցա եկեղեցի երթալ, վասնզի...

ՍՈՒՐՄԱԿ.— Եկեղեցի չը գացի՜ր... Մե՜ղք.. Մե՜ծ մեղք...

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (պաղատալից) Ո՜հ, հայր սուրբ...

ՍՈՒՐՄԱԿ.— Այո՛... և պատճա՞ռը։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Հայրս զիս իրմեն չը զատելու համար` պատվիրեց որ չերթամ։

ՍՈՒՐՄԱԿ.— Անօրե՛ն հայր, որ զքեզ դժոխոց լափյուրինթոսը կը քաշկռնե։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Բայց ի՜նչ ընեմ, հայր սուրբ, շատ կը սիրեմ զինքը:

ՍՈՒՐՄԱԿ.— Զինքը շատ կը սիրե՞ս, քու հրեշտակեդ և հոգևոր հորմե՞դ ավելի. ինքը որ թեև հայրդ, բայց սադայելդ ալ է: