Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Տեսիլ Ե
ԱՐՏԱՇԻՐ (հետո) ՇԱՎԱՐՇ

ԱՐՏԱՇԻՐ.— Ի՜նչ գեղեցիկ օր մը պիտի ծագի վաղը, արշալուսին ծագումեն առաջ գեղանի նայվածք մը պիտի բարևե զիս... (կանչելով) Շա՛վարշ:

ՇԱՎԱՐՇ.— Ահավասիկ եմ, տեր արքա։
ԱՐՏԱՇԻՐ.— Թագուհին ի՞նչ կընե:
ՇԱՎԱՐՇ.— Իր սենյակը առանձնացած է, տեր արքա:
ԱՐՏԱՇԻՐ.— Ըսե, թե կուզեմ իրեն հետ տեսնվիլ հիմա։
ՇԱՎԱՐՇ.— Գլխուս վրա, տեր արքա (խոնարհվելով կը մեկնի):


Տետիլ Զ
ԱՐՏԱՇԻՐ (առանձին)

Հիմա ինքը խոժոռ է. ո՜րչափ կը նախանձի իմ սիրահարությանցս վրա... Ի՜նչ ընեմ, կարծես թե կնոջ գեղեցկությունը շուտ կը թոշնի իմ ջերմ համբույրներես... Առջի օրը հրեշտակ մը կը նշմարեմ և հետևյալ օրը գրեթե ուրվական մը կը շոշափեմ... Ես կուզեմ հով մ’ըլլալ և ամեն ծաղիկներուն հոտն առնել... Շատ կօգնե ինձ թագը` այս շողշողուն իրը, որուն ադամանդները հազարավոր գեղեցիկ նայվածքներ կը շլացնեն, բայց կը տեսնեմ, որ անխելք կրոնավոր մը կուզե թագիս վրա խաշ տնկել... «Ազգ, ազգ» կը գոչե միշտ ինքը, նույն ձայնը սրտիս խորը միակ արձագանք մ’ունի, որ է «թագ, թագ»... Թագուհին շատ սխալեցավ...