Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուր... Դարձյալ Արտաշիր թագավոր է և գուցե առաջինեն ավելի զորավոր․․․ Թշնամին ջախջախելու համար հարված և հանճար պետք է. հարվածը դու եղիր, հանճարը ես կըլլամ։

ԱՐՏԱՇԻՐ.— Հիրավի, Սմբատ, կը տեսնեմ որ թագավոր մը ըլլալու չափ հանճար ունիս, պետք Է որ թագավոր մ'ըլլայիր։

ՍՄԲԱՏ.— Զիս շատ կը ծաղրես այսօր, տեր արքա... Բայց նաև վստահ եմ, որ գոնե թագավորի մը կատարելապես ծառայելու չափ խելք ունիմ։

ԱՐՏԱՇԻՐ.— Սակայն կը խրատեմ նաև քեզ, որ խելքիդ վստահելով թագ մը կորզելու փորձ չը փորձես երբեք, Սմբատ։

ՍՄԲԱՏ.— Տեր արքա, կը տեսնեմ որ այսօր անսովոր կատակներ կը գլորես (մեկուսի)․ ի՞նչ եղած Է արդյոք, բայց ես դեռ մութին մեջ եմ...

ԱՐՏԱՇԻՐ.— Է՛հ, Սմբատ, կայծակը հարվածեն առաջ փայլակ մ'ունի... Սև ամպը կը մոտենա, բայց դարձյալ արևը ծիծաղկոտ է... Գուցե փոթորիկ մը պիտի անցնի ճակտես. ի՞նչ ընեմ, պետք է որ խնդամ` շատ չը վախնալու համար:

ՍՄԲԱՏ.— Մի՛ հուսահատիր, տեր արքա... Փոթորիկը կանցնի և անուշաբույր անդորրություն մը կը սփռե իր ետևեն։

ԱՐՏԱՇԻՐ.— Երբեմն ալ փլատակ... Շանթը բարձր կը գոռա ու կը զարնե, այնպես չէ՞, Սմբատ։

ՍՄԲԱՏ.— Ուրեմն պետք է խոնարհիլ երբեմն, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Երբե՛ք։