Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՄԲԱՏ.— Գոնե սառնապատ սար մը ըլլալ, ուր շանթը կը խրի ու կը մարի... ուր ցասկոտ քայլերը կը սահին։

ԱՐՏԱՇԻՐ.— Ճիշտ այդպես։

ՍՄԲԱՏ.— Լավ ուրեմն... կը սիրեմ անգութը, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Աղեկ կընես։

ՍՄԲԱՏ․— Ուրեմն դեռ չը խորհինք, տեր արքա... Ձայնի մը հարված հասցնելու է և նշանի մը` հանճար։

ԱՐՏԱՇԻՐ.— Անհոգ եղիր, Սմբատ, շատ կը սխալի այն, որ դեմս ելնե։

ՍՄԲԱՏ.— Հիմար մ'ըլլալու է այն, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Եվ պիտի մեռնի։

ՍՄԲԱՏ.— Շանթի մը հարվածով։

ԱՐՏԱՇԻՐ․— Գրեթե։

ՍՄԲԱՏ.— Դեռ կը խորհինք, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Բայց ասկե առաջ դու կը զարնեիր, Սմբատ, այս անգամ ես պիտի զարնեմ։

ՍՄԲԱՏ.— Դու գիտես, տեր արքա, (մեկուսի) ո՛չ, շատ կը սխալիս, չը պիտի թողում որ խորհիս կյանքդ կամ թագդ ընտրելու, երկուքն ալ իմս են։

Տեսիլ Դ

ԱՐՏԱՇԻՐ (առանձին)

Թշվառակա՜ն... Թակարդն ինկար... ի՞նչ ըրիր թագուհվույն դիակը... Ուրեմն դու ալ դիակ մը եղիր.․․ Դեռ ինծի դավելու կերթաս... Բայց զգուշացիր, թագի տեղ սուր մը գլխուդ վրա կը շողա... Մութին մեջ գոնե ես պիտի թավալեի, բայց բախտին ջահը ինծի կօգնե...