Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գեղեցիկ ես, Զարմուհի՝, սիրվե՝ քաջե մը, սիրե՝ զինվոր մը, որ իր սուրեն առաջ կը սիրե քեզ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Ես սիրեցի և դեռ կը սիրեմ, զորապե՛տ… Մի՝ ջանար մեր սիրո դրախտին թովիչ օձը ըլլալ, դու՝ որ քու քաջագործություններովդ հարգելի ես ինձ, մի՛ ջանար քու սիրովդ ատելի ըլլալ… Ես երկնքի այն ջահալից խորանին առջև ուխտեցի Թաթուլը սիրել, մեռա՞վ… կը հարգեմ իր հիշատակը ինչպես կը հարգե քաջ մը իր հաղթական սրույն բեկորը. երբ հիշեմ՝ դառն է իր մահը, երբ լամ՝ քաղցր է իր հիշատակը. զորապետ, մի՝ խռովեր սև ամպի մը պես կնոջ մը երազը, ես առի մնաս բարյավս սերեն, առի մնաս բարյավս աշխարհեն, և մտա այն մենաստանը, ուր հիշատակները կը փսփսան… Ես ա՛լ միայն հիշատակի մը և հայրենիքի մը համար կապրիմ։


ԱՊՐՍԱՄ.— Կուզե՞ս որ անիծեմ այն արևը, որ երկնքին մեջտեղ շողաց… Զարմուհի, լսե՛ զինվորի մը, որ սուր մը և սիրտ մ՚ունի.. Սուրս գոհ է, վասնզի իր տենչը կատարված է, կշտացած է թշնամյաց արյամբը, իսկ սիրտս դատարկ է, դու պիտի լեցնես զայն քու սիրովդ…
Դու կըսես ինձ, թե գնա ուրիշ մը գրկե, մինչդեռ զիս քեզի կը քաշես և կը կաշկանդես ոսկի շղթաներով։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Թո՛ղ զիս… զորապե՝տ։

ԱՊՐՍԱՄ.— Կը սիրեմ զքեզ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Մի՛ կրկներ իմ ականջիս այդ աղետալի բառը,որ դժոխոց բոցին նման կայրե զիս… Եթե դեռ սրտիս խորը հուզես, սիրո տեղ ատելություն պիտի գտնես։