Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաջողի այն բաբանն այրել, զինքը մեծամեծ շնորհքներով պիտի վարձատրեմ, և եթե ինքը Պարսից կատաղության ալ զոհ ըլլա բաբանը մոխիր դարձնելե վերջը՝ իր բոլոր ընտանիքը երջանիկ վիճակի մը պիտի հասցնեմ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Աղեկ խորհեր ես, հայր իմ, անշուշտ կը գտնվի քաջ մեկը, որ այդ ձեռնարկը գլուխ հանե։


ԲԱԳԱՐԱՏ.— Տեսնե՛նք... եթե այս գործին մեջ ալ հաջողինք, ա՛լ քաղաքին դիմադրությանը վրա չեմ կասկածիր, մինչդեռ Պարսիկներն ալ մեծ կորուստ ընելուն համար շատ հավանական է, որ քաղաքին առմանը վրա բոլորովին հուսահատած մեկնին... Բայց եթե այսպիսի գործ մը ստանձնող քաջասիրտ մեկը չը գտնվի, խիստ աղետալի պիտի ըլլա մեր վիճակը, մտածե՛ մեկ մը, որ երբ անգութ Պարսիկն իր սև ոտքը քաղաքին սեմին վրա դնե, Անի՝ Բագրատունյաց այս գոռոզ, հաղթական և փառավոր մայրաքաղաքը, որ այնչափ քաջաց օրրան հանդիսացած է, Հայոց ազգին վերջին տկար մնացորդին ահագին գերեզմանը պիտի ըլլա... մոխրակույտ մը... Աստվա՜ծ իմ։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Մի հուսահատիր, հայր իմ, դեռ չէ մարած հայրենասիրության վսեմ կայծը հարվածյալ Հայոց սրտերուն մեջ, թեպետ բոլոր Հայաստանի հողին վրա Հայոց արյամբը չը կարմրած ափ մը անբիծ հող չը մնաց, բայց դեռ Հայոց խավարամած սրտին մեկ անկյունը նվիրական և անբիծ խորշ մը կա, ուր կը հրահրի հայրենյաց հուրը։

ԲԱԳԱՐԱՏ.— Իսկ մատնչությո՞ւնը... այդ չե՞ս ըսեր... եթե Վեստ Սարգիսի պես փառամոլ և ուրացող ճիվաղ մը