Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ որդվույս հետ ամուսնացնելու միտք ունեի... Բայց, ավա՜ղ...

ԳՈԻՐԳԵՆ.— Քանի որ գիտես, թե որչա՜փ դառն է այս վիշտը, ուրեմն մտիկ ըրե... Երեկ դաշտեն տնակս դարձա, աղջիկս զիս տեսնելուն պես գիրկս նետվեցավ։ Ես չի նշմարեցի բնավ, թե իր այտերն արտասվաթոր էին. քիչ ատենեն սրտիս վրա թացություն մը զգացի․ վեր առի աղջկանս գլուխը և տեսա, որ հուշիկ մնջիկ կարտասվեր․․․ «Ի՞նչ ունիս, դուստր իմ»,—ըսի սոսկմամբ։ Իսկ նա․․․ «Թշվառ եմ, հայրի՛կ»,— պատասխանեց։ Այս խոսքը զիս խռովեց, կուրծքիս վրա սեղմեցի յուր անուշիկ դեմքը և «Խոսե, ի՞նչ ունիս» հարցուցի... Ինքը «Կը սիրեմ» բառը արտասանեց և արտասուքն իր խոսքն ընդմիջեցին... Վերջապես իր բերնեն առի, թե քու որդիդ՝ Վարդը, կը սիրե եղեր։
ՊԱՐԵՏ.— Իմ որդի՞ս...
ԳՈԻՐԳԵՆ.— Այո, «Եվ եթե չը կրնամ իրեն ամուսինն ըլլալ, հայրիկ, միշտ թշվա՜ռ պիտի ըլլամ»,—ըսավ նա... Ո՜հ, աշխատեցա զինքը համոզելու, բայց չը կրցա իր դիտավորութենեն շրջել. ինչ ընելիքս չեմ գիտեր, միայն կը մտածեմ, որ եթե իմ դուստրս թշվառ ըլլա, ի՞նչ պիտի ընեմ ես․․․ Բոլոր հույսս քու վրադ է, ո՜վ առաքինիդ Պարետ, դու միայն կրնաս աղջիկս իրեն սպառնացող թշվառութենեն ազատել, թող ես մեռնիմ և աղջիկս երջանիկ ըլլա... Ես միայն աղջկանս1 համար կապրիմ, աղջկանս ժպիտներուն մեջ է իմ կյանքս... Այս մազերը, որ մեկ մեկ վշտով ճերմկցեր են՝ փետտելով յուր2 ոտիցը տակ կը սփռեմ՝ եթե ասանկով իր3 երջանկությունը ստանալս