Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ պարսպին վրա կենալով ի դերև հանեն թշնամվույն ջանքերը։


ԲԱԳԱՐԱՏ.- Ի՞նչ կըսես, Զարմուհի, բոլոր քաղաքին պարիսպները պահնորդելու չափ զինվոր չը մնաց. քաղաքին մեջ մինակ խառնիճաղանճ բազմություն մը մնաց, ծերոց, կանանց և տղոց, որոնք ավելի ժողովրդյան
հուսահատությունը կը գրգռեն։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Ի՞նչ ընելու է ուրեմն։

ԲԱԳԱՐԱՏ.- Բոլոր իշխանները քիչ մը ետքը հոս պիտի ժողովին և քաղաքին բռնելիք ընթացքին վրա համաձայն որոշում մը պիտի տրվի... Տեսնենք ի՞նչ պիտի ըլլա որոշումնիս։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Ինչ որոշում ալ ըլլա՛ խեղճ ժողովուրդն ուրիշ փրկություն չունի, բայց եթե Պարսկին սո՛ւրը կամ շըղթա՛յն... ընտրել երկուքին մեկը. ո՞րն ընտրե, երկուքն ալ սոսկալի են. երկուքն ալ հայության ջնջում կսպառնան, մեկը կենաց դահիճ, իսկ մյուսն իրավանց դահիճ... Ա՜հ, մեր վիճակին վրա մտածելն անգամ սոսկումով կը լեցնե և կը սառեցնե զիս... Միայն Անիի պարիսպները կան կանգուն թշնամյաց դիմաց, և այն պարիսպներուն ետև Հայուն տկար կուրծը կա, ալևոր ծերունիներ, հերարձակ մայրեր, ողբագին տղաքներ, վերջապես այնպիսի անձեր, որք միայն աղերսել գիտեն թշնամվույն։

ԲԱԳԱՐԱՏ.- Գերեզմաննիս փորենք, աղջիկս։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Ո՛չ, հայր իմ, ես միտքս դրի չը մեռնիլ, մինչև որ Պարսիկ մը արյունաթաթավ ոտքերուս տակ չը փռվի։

ԲԱԳԱՐԱՏ.- Չես կրնար զարնել, Զարմո՛ւհի։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Ինչո՞ւ, հայր իմ։