Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱԼՈՄՈՆ.- Այդ իմ փո՞ւյթս է, եթե կուզես, միլիոնատեր եղիր, միայն թե իմ տանս ամսականը անթերի վճարե...


ԹՈՎՄԱ.- (մեկուսի) Երբեմն Էի միլիոնատեր...

ՍԱԼՈՄՈՆ.- Վերջապես, ի՞նչ պիտի ընենք... ոստիկանության դիմենք. տունես ել կըսեմ, այդ ալ չես ըներ։

ԹՈՎՄԱ.- Բայց ո՞ւր երթամ, պարոն, այսպես աղքատ։

ՍԱԼՈՄՈՆ.- Ուր կուզէս գնա՛, ա՞յդ ալ ինձ պիտի հարցնես, եթե կուզես սատանային ծակը գնա՛։

ԹՈՎՄԱ.- Դեռ քանի մ՚օր ալ համբերե, բարեսիրտ պարոն, կաղաչեմ։

ՍԱԼՈՄՈՆ.- Վե՞րջը։

ԹՈՎՄԱ.- Անշուշտ Աստված կուտա օր մը։

ՍԱԼՈՄՈՆ.- Հը՜... Աստված կուտա, Աստված իր տալիք տեղը չը՞ գիտեր, եթէ տալու միտք ունենա, ինծի կուտա որ աշխատութենես հոգիս բերանս կուգա, և ո՛չ թե քեզի` որ ոչ արհեստ ունիս և ոչ ալ կաշխատիս` պատճառելով թե տկար և հիվանդոտ ես... Բայց ես մեր Սուրբ Մովսեսի լուսեղեն եղջյուրներուն վրա կերդնում որ բողկե մը վար չես մնար։

ԹՈՎՄԱ.- Վերջապես, պարո՛ն...

ՍԱԼՈՄՈՆ.- Ստակնե՛րս։

ԹՈՎՄԱ.- Քեզ ըսի որ քանի մ՚օր ալ սպասե։

ՍԱԼՈՄՈՆ.- Բայց միթե չորս ամսե ի վեր ճանչցած մարդս դու չես։

ԹՈՎՄԱ.- Վերջապես ի՞նչ ըսել կուզես։

ՍԱԼՈՄՈՆ.- Հասկցա... ոստիկանությունը կը լմնցնե այս գործը...

ԹՈՎՄԱ.- Բայց, պա՛րոն...